Վենեսուելայի նախագահը «բռնվել և դուրս է բերվել երկրից»․ Թրամփ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «բռնվել և դուրս է բերվել երկրից», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը


ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «բռնվել և դուրս է բերվել երկրից», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրել են լայնամասշտաբ հարված Վենեսուելայի և նրա առաջնորդի՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ միասին գերեվարվել և դուրս է բերվել երկրից։ Այս գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։ Մանրամասները կհետևեն»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։


CBS News հեռուստաալիքը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ շաբաթ գիշերն իրականացված գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերի «Դելտա» էլիտար ստորաբաժանման մարտիկները գերեվարել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։


Հարվածները հաջորդել են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության մի քանի ամիս տևած հզորացմանը, որի ընթացքում USS Gerald R. Ford ավիակիրը և բազմաթիվ այլ ռազմանավեր տեղակայվել էին Կարիբյան ծովում։


Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը Վենեսուելայի ափերի մոտ զավթել էր երկու նավթային տանկեր, հարվածներ հասցրել ավելի քան 30 նավերի, որոնք, ըստ վարչակազմի պնդման, թմրանյութեր էին փոխադրում, և գրոհել էր այն վայրը, որը նախագահ Թրամփն անվանել էր «նավամատույց, որտեղ նավերը թմրանյութերով են բեռնվում»։


Թրամփի վարչակազմը Մադուրոյին մեղադրել է թմրավաճառության և ահաբեկչական ճանաչված խմբավորումների հետ համագործակցության մեջ, ինչը Մադուրոն հերքում է։ Սուրբ Ծննդյան նախօրեին Թրամփը հրաժարվել էր հայտնել իր նպատակների մասին, սակայն զգուշացրել էր, որ եթե Մադուրոն «իրեն կոշտ պահի, դա կլինի վերջին անգամը, որ նա կկարողանա դա անել»։

Leave a Comment