Արարատի մարզում ամուսինը կտրող–ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հղի կին։
Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կային արնանման հետքեր։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը հայտնաբերված «Opel»-ի մեջ դանակահարել է ամուսինը։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։