Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։
Ինչի՞ համար է անհրաժեշտ նախագծի ընդոունումը
Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծերի ընդունումը կնպաստի հետևյալ արդյունքներին՝
1․ աջակցող միջոցների տրամադրման և վերանորագման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը,
2․ «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության և գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձևավորմանը, ինչը կնպաստի դրանց արդյունավետ գործունեությանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,
3․ հանրային ծառայությունների մատչելիության մակարդակի բարձրացմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման իրավական և գործնական երաշխավորման ապահովմանը,
4․մատչելիության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում, կբարձրանա պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների իրավական պատասխանատվությունը, ինչպես նաև կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմ։ 5․ Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) կառավարության կողմից սահմանված դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման։
5․ ֆունկցիոնալության գնահատման գործընթացի թափանցիկության ու վստահելիության բարձրացմանը․
6․ տեղեկատվական շտեմարանի առկա տվյալների նպատակային և վերահսկվող փոխանցման հնարավորությունը կնպաստի ավելի հիմնավոր քաղաքականության և բարելավված ծառայությունների մշակմանը։
Ո՞ւմ կողմից կարող է հատկացվել ֆինանսական աջակցություն
Կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցում կարող է հատկացվել բացառապես պետության կողմից՝ բացառելով ծառայությունների դիմաց ֆինանսական հատուցման այլ դեպքեր։
Այս փոփոխության շրջանակում անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նաև նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-ին կետը։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը բացակայում է, ինչի հետևանքով իրավակիրառ պրակտիկայում առաջանում է անորոշություն՝ կապված այդ կենտրոնների կազմակերպաիրավական կարգավիճակի, գործառույթների և կազմակերպման սկզբունքների, ֆինանսավորման մեխանիզմների հետ։ Միաժամանակ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3․1-ին մասով վերապահված լիազորությունը թույլ չի տալիս սահմանել անկախ կյանքի կենտրոնների գործունեության մանրամասները, պաշտոնների անվանացանկերը, հաստիքացուցակի օրինակելի ձևերը և աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մեխանիզմները։
Առկա խնդիրները
Չնայած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված են մի շարք դրույթներ՝ ուղղված մատչելիության ապահովմանը, այնուամենայնիվ, գործնականում լինում են խնդիրներ, որոնց առնչվում են հաշմանդամություն ունեցող անձինք, մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, բանկերում և դրանց մասնաճյուղերում, վարկային կազմակերպություններում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 2-րդ հոդվածում նշված ոլորտներում։
Նշված խնդիրները առավել են սրվում նաև այն հանգամանքով, որ կենսաթոշակների վճարումը 2026 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի միջոցով, ինչի պայմաններում մատչելիության պահանջներին չհամապատասխանող ֆինանսական ծառայությունների և ենթակառուցվածքների առկայությունը փաստացի խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ սոցիալական վճարներ ստանալու իրավունքի լիարժեք իրացմանը։ Բացի այդ, գործարքների կնքման գործընթացում մատչելի եղանակների բացակայությունը խոչընդոտում է այդ անձանց իրավունքների իրացմանը։ Մատչելիության պահանջների ու չափանիշների բացակայությունը խոչընդոտում է այդ անձանց իրավունքների լիարժեք իրացմանը։
Ո՞ւմ են տրամադրվում անձնական օգնականի ծառայությունները
Աձնական օգնականի ծառայությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա, որում ներառվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ՝ ներառելով նաև անձնական օգնականի և (կամ) նրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն ու գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին։ Նման ձևակերպումը բացառում է պետական մարմինների մասնակցությունը (օրինակ՝ Միասնական սոցիալական ծառայությանը) նշված ծառայության իրագործմանը։
Ո՞րն է օրենքում փոփոխություններ կատարելու նպատակը
Ստեղծել իրավական հիմք աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման դիմաց պետական բյուջեից բացի, այլ դոնոր կազմակերպություններից փոխհատուցում ստանալու հնարավորության համար՝ ներառյալ նաև այլընտրանքային (ոչ պետական) ֆինանսավորման աղբյուրները։ Բացի այդ, օրենքի մակարդակով ամրագրվում է «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը՝ ապահովելով դրա միասնական և հստակ ընկալումը։ Ինչպես նաև, հստակեցվում է անկախ կյանքի կենտրոնի ստեղծման վերաբերյալ դրույթը և սահմանվում է ավելի հստակ ու կիրառելի կարգավորումներ, ինչպես նաև ընդլայնվում Է անձնական օգնականի ծառայության մատուցման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը։ Արդյունքում, կարող են կիրառվել այս ծառայության մատուցման ճկուն մեխանիզմներ։
Ի՞նչ է առաջարկվում
Առաջարկվում է սահմանել մատչելիության չափանիշներ՝ լիազոր մարմնի կողմից մշակվող մեթոդական ուղեցույցի միջոցով, ինչպես նաև դրանց կիրառումն պարտադիր դարձնել համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, բանկերում և դրանց մասնաճյուղերում, վարկային կազմակերպություններում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 2-րդ հոդվածում նշված ոլորտներում՝ միաժամանակ սահմանելով վերահսկողության պատասխանատու մարմինը։
Ո՞րն է կարգավորման նպատակը
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եղանակներով հանրային ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովման պահանջների կատարման նկատմամբ վարչական պատասխանատվության սահմանումն է։ Առաջարկվող լրացմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանվում են տուգանքներ սահմանված չափանիշների և պահանջների խախտման համար։
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում և նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի, այլ փոփոխությունը կկատարվի միայն ԾԱԾ-ում։
Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունը միտված է կարգավորելու հաշմանդամություն ունեցող անձանց համար գործարքների կնքման մատչելի եղանակները, ինչպես նաև հստակեցնել գործող կարգավորումները։
Ի՞նչ ժամկետով կտրամադրվեն հավաստագրերը
Հավաստագրերը կտրամադրվեն որոշակի ժամկետով, որից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետները կրկին կանցնեն գիտելիքների ստուգում։
Սահմանվում է հնարավորություն՝ տեղեկատվական շտեմարանի տվյալները սահմանված կարգով փոխանցելու լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպություններին, պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վիճակագրական և հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև ծրագրերի արդյունավետության գնահատման նպատակով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահանջները։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի
22-րդ պարբերությունից` «Աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը» և 24-րդ պարբերությունից՝ «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։
Բյուջետային ազդեցությունը
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվի։