Ռոբերտո Կառլոսը դուրս է գրվել հիվանդանոցից սրտի վիրահատությունից հետո — Armsport.am

Մադրիդի «Ռեալի», «Ինտերի» և Բրազիլիայի ընտրանու նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ սրտի վիրահատության էր ենթարկվել, հայտնում է Mundo Deportivo-ն։

Դեկտեմբերի 31-ին բուժզննման ընթացքում բժիշկները բրազիլացու ոտքում թրոմբ էին հայտնաբերել, իսկ ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտությունը ցույց էր տվել սրտի աշխատանքի խանգարումներ։ Ռոբերտո Կառլոսը հոսպիտալացվել էր վիրահատության համար։ Բարդությունների պատճառով միջամտությունը նախատեսված 40 րոպեի փոխարեն տևել է 3 ժամ։

Նշվում է, որ նախկին ֆուտբոլիստը վերականգնողական փուլը կանցկացնի տանը, իսկ մի քանի օրից կվերադառնա կլինիկա՝ կրկնակի հետազոտության։

52-ամյա բրազիլացին սոցցանցերում լուսանկար է հրապարակել վիրահատությունն իրականացրած բժիշկների հետ՝ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ուշադրության և հոգատարության համար։

Հիշեցնենք, որ Ռոբերտո Կառլոսը «Ռեալում» հանդես է եկել 1996-2007 թվականներին՝ դառնալով Իսպանիայի քառակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2002թ․ աշխարհի չեմպիոն։ Այժմ լեգենդար պաշտպանը պաշտոն է զբաղեցնում «Ռեալի» կառուցվածքում։

Leave a Comment