«Չինոն» Լեոյին նվիրել է «Բելգրանոյի» մարզաշապիկն ու հուզիչ գրառում կատարել սոցիալական ցանցերում:
Լուկաս Սելարայանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ կյանքի է կոչել իր երազանքներից մեկը՝ ծանոթանալ Լիոնել Մեսսիի հետ։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն օգտագործել է «Բելգրանոյի» կազմում նախամրցաշրջանային հավաքի իր հանգստյան օրը, որպեսզի հանդիպի Լեոյին, ով այս օրերին իր արձակուրդն է վայելում Ռոսարիոյում։
«Ծովահենների» (Բելգրանոյի մականունը) ավագը արգենտինացի աստղին նվիրել է իր մարզաշապիկը և երախտագիտություն հայտնել ջերմ ընդունելության համար՝ հանդիպումն անվանելով «անմոռանալի»։
Սելարայանը մասնավորապես գրել է.
«Իրականացրի բոլոր ժամանակների լավագույնին ծանոթանալու երազանքս։ Շնորհակալ եմ, Լեո, ժամանակ տրամադրելու և ինձ քո տանը ընդունելու համար։ Քեզ հետ զրուցելը, իմ և իմ սիրելի «Բելգրանոյի» մարզաշապիկը քեզ նվիրելն այն է, ինչ ես երբեք չեմ մոռանա։
Բայց ամենից առավել՝ ցանկանում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, որ օրինակ և ոգեշնչում ես բոլորիս համար, ովքեր սիրում են այս մարզաձևը։ Շնորհակալ եմ, որ սովորեցրել ես պայքարել երազանքների համար, երբեք չհանձնվել՝ անկախ ճանապարհին հանդիպող խոչընդոտներից։ Քո խոնարհությունն ու պարզությունը կյանքի դաս են ինձ համար»։
Գրառումը մեծ ոգևորություն և իրարանցում է առաջացրել «Բելգրանոյի» երկրպագուների շրջանում, որոնք չէին էլ պատկերացնում, որ 2026 թվականը կսկսեն՝ տեսնելով Մեսսիին իրենց թիմի «10» համարի մարզաշապիկը ձեռքին։
