2025 թվականն առանձնացավ տնտեսական կարևոր ռեֆորմներով ու աղմկոտ իրադարձություններով։ Տարին առանձնացավ եզակի որոշումնով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց լիցենզիայից։ Ոլորտի պատասխանատուները սա աննախադեպ բնորոշեցին։
Աննախադեպ էր նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրումը, որը մի քանի անգամ հետաձգեց, կառավարությունը որոշ հարցերում հետքայլ արեց, բայց համակարգը ներդրվեց։ Տարվա առաջին կեսը թեժ էին պահում տնտեսվարողները։ Նրանք դժգոհ էին որոշ օրենսդրական փոփոխություններից։
2025թ-ը Հայաստանը հրաժեշտ տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումով։ Իհարկե, համակարգն այժմ էլ որոշակի խնդիրների առաջ է կանգնեցնում քաղաքացիներին, բայց, ընդհանուր առմամբ, այն աշխատում է։ ՀՀ մոտ 1 մլն ռեզիդենտ քաղաքացի է հայտարարագրման համակարգի «շահառու»։ Մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ներդրման ժամկետը փոխվեց, մեկ անգամ էլ գործընթացը դյուրացվեց։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյան․ «ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք հայտարարատու են ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չմտնել և չլրացնել իրենց հայտարարագրերը, և իրենց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված այն ինֆորմացիայի հիման վրա, որը ՊԵԿ-ի համար տեսանելի է: Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր ստացած եկամուտները հենց այնքան են, ինչքան ՊԵԿ-ը լրացրել է, ենթադրենք՝ աշխատավարձը, կարող է ոչինչ չանել, և ըստ այդմ՝ ՊԵԿ-ի տվյալների հիման վրա լրացված հայտարարագիրը կհամարվի լրացված և հանձնված»։
2025-ն առանձնացավ նաև եվրոբոնդերի թողարկումով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան նշեց՝ նպատակն ամրագրված է միջնաժամկետ պարտքի ռազմավարության մեջ:
Տարվա առաջին կեսը թեժ էին պահում տնտեսվարողները։ Նրանք մի շարք օրենսդրական փոփոխություններից էին դժգոհ։ 2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է շրջանառության հարկի դրույքաչափը։
Դժգոհությունների արդյունքում կառավարությունը հաստատեց առևտրի ոլորտում աշխատող տնտեսվարողների աջակցության ծրագիրը։ Հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար այն նպատակ ունի աջակցելու տնտեսավարողներին 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները իրացնելու հարցում: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հստակեցնում է՝ իրենց գնահատմամբ անցումային շրջանը կտևի մոտ վեց ամիս․
«Շրջանառության հարկ վճարողները կկարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները։ Շրջանառության հարկ վճարողները կարող են 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանալ»։
Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու էր 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար։ Երկրորդ կիսամյակում արդեն տնտեսվարողները բողոքի ակցիաներ չկազմակերպեցին։
Վերջին տարիներին, թերևս, առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկում եռամսյակային ցուցանիշով այս տարվա առաջին եռասյակում չներառվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ)։ Ավելին, այն անգամ խոշոր հարկատուների ցանկում չկար։ ՊԵԿ-ում դա այսպես բացատրեցին․
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյան․ «Դա պայմանավորված է 2024 թվականի ռոյալթիի հաշվարկների ներկայացմամբ, որտեղ 2024-ին վճարվել են կանխավճարներ և 2025-ին, երբ ներկայացրել է հաշվարկը, կանխավճարի հաշվարկ է կատարվել, և շուրջ 19․5 մլրդ դրամ վերադարձվել է որպես հաշվարկի ու կանխավճարի տարբերություն»։
Անցնող տարին առանձնացավ ֆինանսական զեղծարարությունների առատությամբ։ ԿԲ-ում արձանագրեցին, որ ֆինանսական զեղծարարություններով ձևակերպված վարկերի մասնաբաժինը վարկային ընդհանուր միջոցների 0,1 տոկոսն է կազմում։ Խոսքը բոլոր դեպքերում ֆիզիկական անձանց մասին է։ ԿԲ նախագահը կարծում է, որ պատասխանատուն այն կառույցն է, որտեղ խնդիրն առաջացել է։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․ «Թե՛ անվտանգության, թե՛ պրոդուկտի տրամադրման տեսանկյունից դինամիկան մեծ է։ Ուստի հետևել բոլոր պրոդուկտների մուտքերին շուկա հնարավոր չէ։ ԿԲ-ն չունի 7․500 աշխատող, որ այդքան պրոդուկտ նայեն։ ԿԲ բանկերի վերահսկողության բաժնում մեկ տասնյակ մարդ է աշխատում։ Նրանք զբաղված են բանկերի վերահսկողությամբ, պորդուկտներով։ Խնդիրները հասկանում ենք, փորձում ենք արագ լուծում տալ»։
Հոկտեմբերին «Վիզ ԷՅՐ» ավիաընկերությունը որոշեց բազավորվել Երևանում։ Սա աննախադեպ որակեց էկոնոմիկայի նախարարը։ Նա հիշեցրեց, որ զբոսաշրջությունը երկրի տնտեսության ռազմավարական ճյուղերից է․ «Ռազմավարական նպատակ ունենք․ առաջիկա տարիներին նվազագույնը 3 մլն-ի սահմանն անցնել։ 2030-2031 թթ․ ունենալ 3 մլն և ավելի զբոսաշրջիկ։ Ուստի կարևոր է, որ Հայաստան գան բազմաթիվ բրենդներ, նաև զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ»։
Շուրջ 30 տարվա հակամարտությունից ու պատերազմներից հետո ցորենով բեռնված շարժակազմերը Ադրբեջանով հասան Հայաստան։ Այդ իրադարձությունը բազմաթիվ քննարկումների ու նաև քննադատությունների առիթ դարձավ։
Եվ վերջապես՝ տարվա, թերևս, ամենաաղմկոտ, ամենաքննադատված տնտեսական ու նաև քաղաքական իրադարձությունը՝ 30 տարվա մեջ առաջին անգամ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունը զրկվեց գործունեության արտոնագրից։ Խոսքը ՀԷՑ-ի մասին է։ Մինչև լիցենզիայից զրկվելը, փոխվեց նաև ընկերության ղեկավարությունը։ ՀԷՑ-ի ժամանկավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը։
2026 թվականից տնտեսական ակնկալիքները մեծ են։ Ամենամեծը կապված է առողջապահական համընդհանուր ապահովագրման համակարգի հետ, որը կսկսի գործել արդեն հունվարից, բայց առաջին արդյունքները շոշափելի կլինեն, թերևս, մեկ տարի հետո։