1 մլն 94 հազար մարդ աշխատուժից դուրս է․ գերակշիռ մասը կանայք են

Հասարակություն

02.01.2026 | 16:39

2024 թվականի տվյալներով Հայաստանում 1 մլն 94 հազար մարդ դուրս է աշխատուժից, այսինքն՝ նրանք չեն աշխատում և չեն փնտրում աշխատանք։ Տվյալներն ամփոփված են ՀՀ վիճակագրական կոմիտեի «Աշխատանքի շուկան Հայաստանում – 2025» հրապարակման մեջ։

Աշխատուժից դուրս բնակչության գերակշիռ մասը կանայք են՝ 725 հազար, մինչդեռ տղամարդկանց թիվը կազմում է 367 հազար։ Տարածքային կտրվածքով՝ աշխատուժից դուրս է գտնվում քաղաքային բնակչության 742 հազար, իսկ գյուղական բնակչության՝ 352 հազար ներկայացուցիչ։

Կրթական մակարդակով ամենամեծ խումբը միջնակարգ կրթություն ունեցողներն են․ շուրջ կես միլիոն մարդ միջնակարգ կրթությամբ դուրս է աշխատուժից։ Նրանց մեջ ևս գերակշռում են կանայք՝ շուրջ 337 հազար կին,  166 հազար տղամարդ։

Ամուսնական կարգավիճակի տեսանկյունից առավել բարձր է ամուսնացած քաղաքացիների աշխատուժից դուրս գտնվելու ցուցանիշը․ այս խմբում ընդգրկված է 581 հազար մարդ, որոնց մեծ մասը դարձյալ կանայք են։

Ինչ վերաբերում է աշխատաշուկային չմասնակցելու պատճառներին, ապա հարցվածների մեծամասնությունը պատասխանել է՝  «շատ երիտասարդ եմ / մեծ եմ աշխատանք գտնելու համար»։   

Միևնույն ժամանակ, ըստ աշխատաշուկայում մասնակցության պատրաստակամության գնահատման՝ ավելի քան 124 հազար քաղաքացի համարվել է պոտենցիալ աշխատուժ։

Համաձայն հետազոտության մեթոդաբանության՝ աշխատուժից դուրս բնակ­չութ­յան մեջ ներառված են անձինք, ովքեր հետազոտվող ժամանակա­հատվածում չեն աշխատել և աշխատանք չեն փնտրել, չեն եղել զբաղված կամ գործազուրկ:

Սովորաբար աշխատուժից դուրս բնակչությանն են դասվում.

  • առկա ուսուցմամբ սովորողները, ուսանողները.
  • տնային տնտեսությամբ զբաղվածները.
  • կենսաթոշակառուները և հաշմանդա­մություն ունեցող անձինք.
  • երեխաներին, հիվանդ հարազատներին խնամողները.
  • զանազան պատճառներով չաշխատող և աշխատանք չփնտրող այլ անձինք (սեփակա­նու­թյան օգտագործումից եկամուտ ստացողներ, պարտա­դիր ժամկետային զինծառայողներ և այլք)։

Անի Թամրազյան 

Leave a Comment