Ինչպե՞ս են նշում Ամանորն արշավականները։ «Ձմեռ պապ» նախաձեռնությունից մինչև տոնական գիշերը սարերում. այսօր կխոսենք արշավականների յուրահատուկ ավանդույթների, Հայաստանի արշավային ուղղությունների, նոր բացահայտումների ու ոլորտի զարգացման հեռանկարների մասին։
Մինչ շատերը շտապում են զարդարել ամանորյա առատ սեղանը կամ մեկնել արտերկիր՝ Նոր տարին նշելու, մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք նախընտրում են տոնի յուրօրինակ տարբերակ։ Արտյոմ Մարտիրոսյանն իր ընկերների հետ Հատիս լեռան գագաթին է դիմավորել Ամանորը՝ անտեսելով սառնամանիքն ու բուքը։
«Ամանորը մենք լեռներում ենք նշել։ Հենց Նոր տարվա գիշերը բարձրացել ենք Հատիս, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 1-ին, իջել։ Ձմռանը Հատիսի գագաթին բավականին ցուրտ է, բայց մենք պատրաստված էինք. էքստրեմալ պայմաններում՝ մթության մեջ ու ձյան վրայով վերելքը դարձավ տարվա ամենաառանձնահատուկ իրադարձությունը»։
Ամանորը տոնելուց բացի, արշավականները մեկ այլ բարի սովորույթ ևս ունեն. նախատոնական օրերին նրանք հագնում են Ձմեռ պապի հագուստ և նվերներ բաժանում հեռավոր սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Այս մասին պատմում է «Արմլանդ» արշավային ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանը։ «Այս տարի գնալու ենք Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղ։ Այն սահմանամերձ բնակավայր է Արփի լճի ափին, որտեղ այս պահին 15 երեխա է ապրում»։



Արշավականներին համախմբում է բնությունը։ Մասնագետները զգուշացնում են՝ մեկ անգամ սար բարձրանալը կարող է դառնալ «ճակատագրական», քանի որ հետո դժվար է պոկվել լեռներից։ Բարձունքներ նվաճելը դառնում է կենսակերպ։
Հայաստանում արշավային երթուղիները բավականին շատ են, իսկ ակումբների թիվը հասնում է երեք տասնյակի։ Ոլորտն օրեցօր զարգանում է։ Որպես կանոն, արշավների ընթացքում խնդիրներ չեն առաջանում, քանի որ սկսնակներին նախապես պատրաստում են։ Հարմարավետ կոշիկներ, տաք հագուստ, ուսապարկ, դեղատուփ և սնունդ. ահա այն հիմնական պարագաները, որոնք անհրաժեշտ են լեռներ մեկնելիս։ Եվ, իհարկե, ամենակարևորը՝ բարձունքում ճախրելու ցանկությունը։
Կան երթուղիներ, որոնք բացահայտվում են հենց արշավականների կողմից։ Արտյոմը հիշում է, թե ինչպես են տարիներ առաջ բացահայտել Սառցապատ լեռն ու Սևանի ջրվեժների կասկադը։ Ցավոք, 2020 թվականի պատերազմից հետո շատ ուղղություններ կորցրել ենք, հատկապես Սյունիքի մարզում։ Այդուհանդերձ, մեր երկրում տուրիզմի զարգացման հնարավորությունները մեծ են, իսկ անելիքները՝ դեռ շատ։