Գերմանիայում կոչ են անում խստացնել հրավառությունների կիրառման կանոնները՝ բնապահպանական և անվտանգային ռիսկերի պատճառով

Գերմանիայի բնապահպանական կազմակերպությունները կոչ են անում խստացնել հրավառությունների կիրառման վերաբերյալ օրենսդրությունը՝ մատնանշելով դրանց պատճառած լուրջ բնապահպանական և առողջապահական ռիսկերը։

«Մենք կրկին ականատես եղանք շրջակա միջավայրի համար վնասակար քիմիական նյութերի զանգվածային արտանետումների, բարձր փոշային մթնոլորտի և մեծ քանակությամբ աղբի առաջացման»,-հայտարարել է Գերմանիայի «Բնության և կենսաբազմազանության պահպանության միության» (NABU) նախագահ Յորգ-Անդրեաս Կրյուգերը՝ Նոր տարվա գիշերվա հետևանքները գնահատելով «կործանարար»։

Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Ըստ հրապարակման՝ բնապահպանական և հասարակական ավելի քան 60 կազմակերպություններ առաջարկում են ամբողջ երկրի տարածքում արգելք սահմանել մասնավոր հրավառությունների վրա՝ շեշտելով, որ նման քայլը «իրավական տեսանկյունից իրագործելի է» և ունի հասարակական լայն աջակցություն։

Կազմակերպությունները նախազգուշացնում են, որ հրավառությունները ոչ միայն աղտոտում են օդը և վնասում կենդանական աշխարհին, այլ նաև առաջացնում են բազմաթիվ այրվածքներ, վթարներ և հավելյալ ծանրաբեռնվածություն շտապօգնության ծառայությունների վրա։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Նիդեռլանդներում նման արգելք արդեն գործում է, մինչդեռ Գերմանիայում ներկայումս սահմանափակումները կիրառվում են միայն որոշակի շրջաններում։

Leave a Comment