2025 թվականը հայկական կինեմատոգրաֆիայի համար արդյունավոր տարի էր․ այն նշանավորվեց բազմաժանր ու ազդեցիկ նախագծերի ստեղծմամբ։ Armenia Today-ի ընտրանում ներառված են անցնող տարվա ֆիլմեր, որոնք առանձնացան իրենց ուժեղ սյուժեներով, դերասանական կազմով և ժանրային նոր մոտեցումներով։
Կենսագրական դրամաներից ու պատմական թեմաներով ֆիլմերից մինչև քրեական կատակերգություններ ու հոգեբանական պատմություններ․ հայկական կինոն շարունակում է զարգանալ և զարմացնել հանդիսատեսին որակյալ աշխատանքներով։
«Թանկարժեք տղաները» (2025, ռեժիսոր՝ Արշո Հարությունյան, դրամատիկ կատակերգություն)
Հարությունյանի ֆիլմը պատմում է 17 տարի առաջ տեղի ունեցած խառնաշփոթի մասին, որի արդյունքում տեղերով փոխել էին երկու նորածնի։ Չիմանալով այդ մասին՝ ծնողները մեծացնում են նրանց՝ որպես իրենց որդիներ։
Տղաներից մեկը մեծանում է հաջողակ բիզնեսմեն Բաբկեն Դարբինյանի ընտանիքում։ Մյուս տղայի «հայրը»՝ Մովսես Դարբինյանը, կամ՝ Մոսոն, Բաբկենի հակապատկերն է։ Իր արկածախնդրության և անպատասխանատվության պատճառով նա կուտակել է մեծ պարտքեր և իր ընտանիքը հասցրել ծայրահեղ աղքատության։
Մոսոն անսպասելիորեն իմանում է, որ Ավետն իր կենսաբանական որդին չէ։ Բացահայտվում է 17 տարվա վաղեմության շփոթությունը։
«Բարի մարդիկ» (2025, ռեժիսոր Զոհրաբ Բեկ-Գասպարենց, դրամա)
Ֆիլմը ծավալվում է ամերիկյան փոքրիկ գյուղում, որտեղ ընկերները շարունակում են ապրել անցյալի պարզ բարությամբ։ Չհարմարվելով պատերազմներին, մարդկակին ստորությանը և ժամանակի դաժան փոփոխություններին, նրանք շարունակում են հավատալ մարդկային ջերմությանը, անկեղծ ժպիտներին ու սիրո ուժին։
Ֆիլմը խորապես հուզիչ և մաքուր պատմություն է՝ մարդկային արժեքների, ջերմության և փոքրիկ, բայց նշանակալի բարությունների մասին, որոնք դեռ փրկում են աշխարհը։
«Mallորվածը» (2025, ռեժիսոր Գոռ Կիրակոսյան, կատակերգություն)
Նոր տարվա գիշերն առևտրի կենտրոն թալանելու պատրաստվող գողերի խումբը բախվում է անսպասելի խոչընդոտի՝ 11-ամյա Արամին, որը պատահաբար մնացել է ներսում։
Գլխավոր դերերում նկարահանվել են Գրիգոր Դանելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը և Լեո Մկրտչյանը:
«Mallորվածը» պատմություն է այն մասին, թե ինչպես պատահականությունները կարող են շրջել նույնիսկ ամենաբարդ պլանները՝ ստեղծելով զավեշտալի և երբեմն անհեթեթ իրավիճակներ:
«ՍՅՈւ» (2025, ռեժիսոր Հրանտ Աբովյան, դրամա)
Սյուժեի կենտրոնում Սյուզիի և Դավիթի ընտանիքն է, որը բախվում է ծանր կորստի․ նրանց փոքրիկ երեխան խեղդվում է անտառի լճակում։ Սակայն այս ողբերգությունը երիտասարդ ընտանիքի միակ փորձությունը չէ․ ժամանակի ընթացքում բացահայտվում են երկար տարիներ թաքուն մնացած գաղտնիքներ, որոնք ավելի են խճճում հարաբերությունները։
Գլխավոր դերերում հանդես են եկել Սյուզի Ադամյանը, Սիսիան Սեպանյանը, Բաբկեն Շահբազյանը, Անուշ Առաքելյանը, Գոռ Գրիգորյանը, Ռոզի Ավետիսովան և Արմեն Կուշքյանը։ Ֆիլմն անդրադառնում է մարդկային կապերի բարդությանը, կորստի վերապրոմին և այն ազդեցությանը, որ կարող են ունենալ երկար թաքցված գաղտնիքները։
«Սյու» ֆիլմը խորքային դրամա է ցավի, կորստի և անձնական ողբերգությունների հաղթահարման դժվարությունների մասին՝ այն պահին, երբ տարիներով լռեցված ճշմարտությունները սկսում են դուրս գալ ջրի երես։
«Վագգեն․ Վերջին Սպարապետը» (2025, Genetic Production, կենսագրական դրամա)
Ֆիլմը նվիրված է Հայաստանի ազգային հերոս, ռազմական հրամանատար և պետական գործիչ Վազգեն Սարգսյանին։ Այն ներկայացնում է նրա կյանքը՝ մանկությունից մինչև ողբերգական մահը, որը վրա հասավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։
Սյուժեի կարևոր հատվածը վերաբերում է Արցախյան պատերազմին, որն սկսվեց 1980-ականների վերջում և շարունակվեց 1990-ականների սկզբին։ Ֆիլմն անդրադառնում է Սարգսյանի դերին այդ պատմական իրադարձությունների ընթացքում։
Գլխավոր դերերում նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոբերտ Հակոբյանը, Արթուշ Բաղդասարյանը, Արևիկ Հակոբյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արսեն Լևոնյանը և Ժորա Մարտիրոսյանը։ Ֆիլմը խորքային ու ողբերգական դրամա է մարդու մասին, ով ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի անկախության պայքարին և դաժանորեն սպանվել է իր քաղաքական գործունեության գագաթնակետում։
«Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմը պատմություն է հերոսության, քաջության և XX դարի ամենանշանակալի հայ առաջնորդներից մեկի դրամատիկ ճակատագրի մասին։
«Գողություն հայկական ձևով» (2025, ռեժիսոր Դավիթ Գրիգորյան, կատակերգական մարտաֆիլմ)
Սյուժեի կենտրոնում մի խումբ ընկերներ են, ովքեր իրենց վերջին առաքելությունն են կատարում Հնդկաստանում՝ հույս ունենալով վերջ տալ հանցավոր կյանքին և նոր կյանք սկսել:
Սակայն անսպասելի իրադարձություններն ստիպում են նրանց վերադառնալ իրենց նախկին գործերին և ավարտել ևս մեկ բարդ առաջադրանք, բայց արդեն Երևանի կենտրոնում։
Ֆիլմը լի է դինամիկ հետապնդումներով, վտանգներով և հետաքրքրաշարժ արկածներով, ինչպես նաև սյուժեի անսպասելի շրջադարձերով և զարմանալի հայտնագործություններով: Գլխավոր դերերում նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Արսեն Լևոնյանը, Արթուր Հարությունյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը, Ջեդի Գիլը և Սամիր Մալհոտրան:
Ֆիլմը հուզիչ և զվարճալի պատմություն է այն մասին, թե ինչպես են մի խումբ համարձակ և հնարամիտ մարդիկ ներգրավվում քրեական արկածների մեջ, որոնք փոխում են նրանց կյանքը և հանգեցնում անսպասելի արդյունքների:
