
Դանիայի ազգային փոստային օպերատոր PostNord-ն ամբողջությամբ կդադարեցնի թղթե նամակների առաքումը երկրի ներսում՝ թվայնացման պատճառով։
«401-ամյա հանրային փոստային ծառայությունը, որը առաքում էր նամակներ, դադարեցնում է իր գործունեությունը։ PostNord-ը դադարեցնում է նամակների առաքումը, քանի որ ցանկանում է կենտրոնանալ ծանրոցների առաքման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընկերությունը արձանագրել է թղթե նամակների պահանջարկի անկումը, քանի որ դանիացիներն անցնում են թվային կապի ալիքների։ Ըստ օպերատորի՝ PostNord-ը 2000 թվականին մշակել է մոտ 1,5 միլիարդ նամակ։ Այս թիվն այժմ նվազել է մինչև մոտ 100 միլիոն՝ տարեկան։ Ընկերության խոսնակ Անդրեաս Բրետվադը նշել է, որ Դանիան առաջատար է հասարակության թվայնացման գործում։
DR-ն պարզաբանել է, որ PostNord-ի հեռանալուց հետո թղթե նամակների առաքումը հնարավոր կլինի միայն մասնավոր ընկերությունների միջոցով։ Դրա հետ կապված՝ նախատեսվում է ապամոնտաժել ամբողջ երկրում նամակագրության համար նախատեսված փոստարկղերը։