Շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրում տեղի է ունեցել պայթյուն․ կան զոհեր

Պայթյուն է տեղի ունեցել Վալե կանտոնի Կրան-Մոնտանա շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում, որը գտնվում է Մատերհորնից 40 կիլոմետր հյուսիս։ Շվեյցարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի և առաջացած հրդեհի հետևանքով հնարավոր է, որ զոհվել է 40 մարդ։

Կանտոնի ոստիկանությունը հայտնել է, որ հունվարի 1-ին, մոտավորապես ժամը 1:30-ին, բարում, որտեղ գտնվել է ավելի քան 100 մարդ, տեղի է ունեցել «լուրջ միջադեպ»։ «Մի քանի մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են», — ասվում է հայտարարության մեջ՝ առանց նշելու զոհերի թիվը։

Le Nouvelliste թերթը և Rhône FM ռադիոկայանը հայտնել են «շուրջ 40 զոհի» և առնվազն 100 վիրավորի մասին՝ հավելելով, որ վիրավորներից շատերը ծանր այրվածքներ են ստացել, իսկ տեղական հիվանդանոցները «ծանրաբեռնված են»։

Sky News-ը, հղում անելով ոստիկանությանը, հայտնել է, որ մահացել է 10 մարդ։ «Զոհերի մի մասը այլ երկրների քաղաքացիներ են», — ասել է Վալե կանտոնի անվտանգության ղեկավար Ստեֆան Հանսերը։

Rhône FM-ը և Blick-ը հաղորդում են, որ հրդեհի պատճառը կարող է լինել հրավառությունը, սակայն ոստիկանությունը հայտնում է, որ դա դեռևս հաստատված չէ։ Հանգստավայրն այժմ ամբողջությամբ շրջափակված է։

Leave a Comment