Ազգային ժողովի պատգամավորների տարեվերջյան հավելավճարների թեման կրկին հասարակական լայն արձագանք է ստացել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ պատգամավորները ստացել են մինչև մոտ 3 միլիոն դրամի չափով հավելավճարներ, ինչը քննարկումների պատճառ է դարձել ինչպես ընդդիմադիր քաղաքական գործիչների, այնպես էլ շարքային քաղաքացիների շրջանում: Վերջիններիս դժգոհություններին կարելի է ծանոթանալ սոցցանցերում:
Այս համատեքստում Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ հետաքրքրվելով, թե քաղաքացիներն ի՞նչ վերաբերմունք ունեն պատգամավորների ստացած հավելավճարների վերաբերյալ։
Նշենք, որ քաղաքացիների մի մասը դժգոհ էր, նշում էին, որ դրանք շարքային քաղաքացիների հարկերն են և նպատակային չեն ծառայել։
«Կարո՞ղ է մեզ տային, իրենք պե՞տք է ստանան։ Մեր հաշվին ապրում են բոլորն էլ։ Սովորական մարդիկ տանջվում են, պետությանը հարկ ու տուրք են վճարում։ 3 միլիոն ստացել են, թող գնան, հանգստանան»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ հեգնանքով նշել է. «Այնքան մեծ գործ են արել ժողովրդի համար, որ պետք է 5 միլիոն ստանային, 3 միլիոնը քիչ է։ Թոշակառուների թոշակը բարձրացնեին՝ մի փուշ հանած կլինեին, իրենք գնացել, քեֆ են անում, ժողովրդի հերն էլ անիծած»։
Մեկ այլ քաղաքացի էլ ասել է, որ հավելավճարը պատգամավորների լավ աշխատանքի համար է:
«Լավ են աշխատում, դրա համար էլ ստանում են։ Այսպես շարունակենք, ավելի լավ է լինելու», – նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
