Այս Ամանորը մենք չենք նշում։ Մենք այն դիմավորում ենք՝ պայքարը շարունակելու վճռականությամբ. AntiFake.am

Այսօր Ամանոր է, բայց մեզ համար այս օրը տոն չէ։ Այսօր Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը արդեն 1 ամիս և 18 օր անազատության մեջ են՝ բանտում, հեռու իրենց ընտանիքներից, հարազատներից, ընկերներից, հեռու իրենց աշխատանքից ու պայքարից։

Նարեկ Սամսոնյանը AntiFake.am-ի հիմնադիրն է, մեր թիմի առաջնորդն ու ղեկավարը։ Նա այն մարդն է, ով ստեղծել է այս հարթակը՝ հավատալով, որ Հայաստանում ճշմարտությունը կարող է պաշտպանվել փաստերով, բաց խոսելով և սկզբունքներով։ Այսօր նա կալանավորված է ոչ թե հանցանքի, այլ խոսքի համար, ոչ թե վտանգավոր գործողության, այլ իշխանությանը չհաճոյանալու համար։ Սա իրավական գործընթաց չէ։ Սա քաղաքական հաշվեհարդար է։

Վազգեն Սաղաթելյանի հետ միասին Նարեկ Սամսոնյանը դարձավ օրինակ՝ ինչ է պատահում Հայաստանում նրան, ով չի լռում։

Այս իշխանությունը Ամանորը տոնում է քաղաքական գերիներով։ Մինչ պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ են գրում, մեր ընկերները գիշերում են խցերում։ Մինչ խոսում են «ժողովրդավարությունից», բանտարկում են մեդիագործիչներին, քաղաքական գործիչներին, սրբազաններին։ Մինչ խոսում են «խաղաղ ապագայից», կործանում են խոսքի ազատությունը։

AntiFake.am-ի դեմ իրականացված գործողությունները՝ խմբագրություն ներխուժելը, տեխնիկայի առգրավումը, ճնշումը լրագրողների նկատմամբ, ուղիղ հարված են ազատ մեդիային։

Այսօր Հայաստանում կա շուրջ 30 քաղաքական բանտարկյալ։ Եվ սա ամոթ է պետության համար։

Մենք չենք ընդունում այս իրականությունը։ Մենք չենք հաշտվում այս ապօրինության հետ։ Այս Ամանորը մենք չենք նշում։ Մենք այն դիմավորում ենք՝ պայքարը շարունակելու վճռականությամբ։

Մինչ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը անազատության մեջ են՝ մեր խոսքը չի լռելու, մեր աշխատանքը չի դադարելու, մեր պայքարը չի ավարտվելու։

Ամանոր առանց արդարության չկա։ Պետություն առանց ազատ խոսքի չկա։ Ապագա առանց ճշմարտության չկա։

Ազատություն Նարեկ Սամսոնյանին։
Ազատություն Վազգեն Սաղաթելյանին։
Ազատություն ռեժիմի բոլոր քաղաքական գերիներին։

AntiFake.am-ի խմբագրություն
Դեկտեմբերի 31, 2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment