Սրանից 59 տարի առաջ, 1966թ. դեկտեմբեր 31-ին, Երևանի բնակարներից մեկում ծննդյան տոն էր՝ նշվում էր Վանի Խառակոնիս գյուղում ծնված Հայաստան Եղիազարյանի 66-ամյակը: Սեղանի շուրջ հավաքվել էին հրաշալի մարդիկ և շատ ուրախ ժամանակ էին անցկացնում: Այնտեղ էր դերասանների, գրողների հրաշալի մի խումբ: Իսկ ծննդյան տոնակատարությանը, իր «ճիտին պարտք» ձայնարկիչով, լուռ հետևում էր ռադիոյի հիմնասյուներից մեկը՝ ռեժիսոր Գրիգոր Չալիկյանը՝ անշուշտ ժամանակին, բոլորից աննկատ սեղմելով ձայնագրության կոճակը:
Ահա այսպես 1966թ. դեկտեմբերի 31-ին Հ. Եղիազարյանի ծննդյան 66-ամյակը արձանագրվեց ժապավենի վրա և հասավ մինչև մեր օրեր: Ցավոք սրտի, սեղանի շուրջ հավաքված մարդկանցից որևէ մեկն այսօր այլևս չկա: Բայց ձայնագրության շնորհիվ մեզ կփոխանցվի նրանց ուրախությունը:
Թամադա է ընտրվում սիրված դերասան Գուրգեն Ջանիբեկյանը, ով վստահ խոսքով ու անկրկնելի հումորով վարպետորեն կառավարեց երեկոն՝ ինչպես տարիներ շարունակ աներեր ղեկավարել էր Սունդուկյանի անվան թատրոնը։ Կհամոզվեք ինքներդ:
Այնտեղ, որտեղ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանն էր, անկարելի էր, որ Վանի երգերից չհնչեին: Սեղանին կոնյակը սպառվում էր ակնթարթորեն և նույն պահին համալրվում։ Հ. Եղիազարյանի ծննդյան 66-րդ տարեդարձին հրավիրված էր նաև երգիծաբան Հրանտ Ղազարյանը, որ հայտնի է Հորիզոն մականունով: Գանձակում ծնված այս կատակասեր մարդը մահացավ 2014 թվականին: Նա ոչ միայն համով-հոտով երգիծական պատմություններ էր գրում, այլև դրանք ներկայացնում էր դերասանական մեծ տաղանդով:
Ահա այդ օրը, նա ներկայացրեց մի քիչ երկար, բայց շատ զվարճալի պատմությունը՝ ցեխի մեջ ընկած խնձորի մասին: Երբ սենյակ մտավ խնջույքից ուշացած Սիլվա Կապուտիկյանը, սեղանապետ Գ. Ջանիբեկյանը, բարեբախտաբար խնայելով նրան, իբրև տուգանային, ոչ թե խմել տվեց մինչ այդ սեղանակիցների կոնծած բոլոր կենացները, այլ «կարգադրեց» միայն երգել:
Վերջապես հերթը հասավ դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանին, կրկին Վանեցի՝ ծնված 1910 թվականին՝ հենց Վան քաղաքում: Եթե ավելի երիտասարդները կդժվարանան նրան հիշել Սունդուկյանի բեմից, ապա վստահաբար շատ լավ կհիշեն «Ոսկե ցլիկ» ֆիլմում ընկեր Նաջարյանի կնոջ՝ Վարդի կերպարը: Հիշում եք ինչպես էր ընկույզ կոտրելով բռնանում ամուսնու վրա՝
- Կտա՛ս:
- Չե՛մ տա:
- Կտա՛ս:
Հրաշալի երեկոյի ավարտին, երբ մարդիկ պատրաստվում էին իրենց տուն գնալ, ընտանիքի հետ նոր տարին նշելու, սեղանապետ Գուրգեն Ջանիբեկյանը թամադայի իրավունքով երգեց խնջույքի վերջին երգը:
Սիրելի ունկնդիրներ, ավարտվում է 2025 թվականը: Թող այն իր հետ տանի բոլոր անպատեհությունները, անհաջողություններն ու ցավերը, որ ապրել ենք 2025-ին և թող 2026 թվականը բազմացնի բոլոր այն հաջողությունները, ուրախությունները, ձեռքբերումները, որ ունեցել ենք հեռացող 2025-ին: Շնորհավոր Նոր տարի: