«…Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ը Թուրքիայում հրթիռներ էր տեղադրում, ուստի իրավիճակի սրման դեպքում Հայաստանն անպայման առաջինը կզգար թշնամական հարվածը,- պատմում է «Սպուտնիկ-Արմենիա» գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Պիսարենկոն։ -Իմ պապի` Հայկական ԽՍՀ-ում Թուրքիայի հետ սահմանին սահմանապահ զորքերի սպա Միխայիլ Օվչիննիկովի հուշերով` սահմանին բաց դարպասներ չեն եղել. Արաքսի կամուրջների և ցամաքային հատվածի բոլոր անցակետերը փակ էին և ծառայում էին միայն երկու կողմերի զինվորականների հանդիպումների համար` ծագած ծառայողական հարցերը քննարկելու և լուծելու համար։ Սահմանի երկայնքով` փշալարերի մի քանի հոծ գծեր էին` ազդանշանային համակարգով» (ԽՍՀՄ-ի և Թուրքիայի սահմանի երկարությունը հայկական ԽՍՀՄ-ում գրեթե 330 կմ է.- խմբ.):

Հայտնի է՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով հայ-թուրքական սահմանագիծը հիմնականում կրկնում էր սահմանազատման գիծը` համաձայն Հայաստանի համար ստրկացուցիչ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի, որը ստորագրվել էր «նոր» քեմալական Թուրքիայի նորաստեղծ բանակի հետ դաշնակցական կառավարության անհաջող պատերազմից հետո (ավելի մանրամասն տեղեկությունների համար՝ տես. Крылов А. Границы Армении в XX-XXI веках // Россия и новые государства Евразии. 2022. № 1 (54). С. 86-101)։

1920-ական թվականների սկզբից, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո և ընդհուպ մինչև Հայրենական Մեծ պատերազմի ավարտը, սահմանին իրավիճակը մնացել է կայուն լարված: Արարատյան պարտված քրդերի ապստամբության ժամանակ հայկական տարածք էին անցնում ապստամբների առանձին խմբեր, որոնք հետապնդվում էին թուրք զինվորականների կողմից։ Սահմանից ներթափանցում էին հանցավոր խմբավորումները, որպեսզի առևանգեն հայ կոլտնտեսականների անասուններն ու բարիքները, տեղի են ունեցել դիվերսանտների, լրտեսների և պարզապես սադրիչների ներթափանցման փորձեր, որոնք տարատեսակ լուրերի տարածմամբ փորձել են իրարանցում և խուճապ մտցնել սահմանամերձ գոտում:
Մինչև Հայրենական Մեծ պատերազմի ավարտը Թուրքիան չէր զարգացնում երկրի արևելյան շրջանները, որոնք դեռևս մի քանի տասնամյակ առաջ կատաղի ռազմական գործողությունների թատերաբեմ էին և տարածքային վեճի առարկա (ընդհակառակը, վերջին տարիներին այնտեղ լայնածավալ տնտեսական նախագծեր են իրականացվում` Կովկասի երկրների համար ոչ միանշանակ հետևանքներով)։
1945 թվականին և ավելի ուշ Իոսիֆ Ստալինը չբացառեց կովկասյան ուղղությամբ Խորհրդային սահմանների վերանայումը հօգուտ Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, խորհրդային մամուլում հրապարակվեցին նյութեր Կարսի և Բաթումի մարզերի նախկին Ռուսական կայսրության հետ պատմական պատկանելության վերաբերյալ: Այնուամենայնիվ, Ճապոնիային ատոմային հարվածներից հետո Թուրքիան միացավ ՆԱՏՕ-ին (1952 թվական), և Վաշինգտոնը նրան անվանեց իր ռազմավարական դաշնակիցը: Ավելի վաղ՝ 1946 թվականին, շահի զորքերը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, ճնշեցին խորհրդային քվազի-պետական կազմավորումներն իրանական Ադրբեջանում և իրանական Քուրդիստանում:
Աշխարհաքաղաքական օբյեկտիվ հանգամանքների բերումով խորհրդային հայերի և Սփյուռքի հայրենակիցների թեժ երազանքները` Արևմտյան Հայաստանը (կամ նրա մի մասը) քեմալական Թուրքիայի իշխանությունից շուտափույթ և արդարացի ազատագրելու մասին, ստիպված կասեցրեցին։ Այս տարիներին միայն բեռնատար գնացքները (և նույնիսկ այն ժամանակ, հաշվի առնելով տնտեսական համագործակցության ցածր մակարդակը, ոչ հաճախ) գնում էին ԽՍՀՄ-ից Թուրքիա և վերադառնում ԽՍՀՄ` ցարական ժամանակներում կառուցված երկաթուղային հանգույցի միջոցով (մոտավորապես 1909-1911 թվականներ) Ալեքսանդրապոլ (1923 թվականից Լենինական)-Կարս երթուղով։ Վերջերս հենց այնտեղ տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հերթական աշխատանքային հանդիպումը, որոնք քննարկեցին սահմանի հնարավոր բացման գործնական հարցերը։
Ավելին, ՀՀ վարչապետը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ խնդրել է Ռուսաստանին վերականգնել երկաթուղային գծերը մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմանները։ «Ես խնդրել եմ Ռուսաստանի մեր գործընկերներին շտապ կարգով զբաղվել Երասխից մինչև ադրբեջանական սահման, Ախուրիկից մինչև թուրքական սահման երկաթուղիների ամբողջական վերականգնմամբ»` հույս հայտնելով, որ նախագիծն արագ կիրականացվի Բացի այդ, ըստ նրա, առաջիկայում նախատեսվում է բարձրացնել Իջևան-Ղազախ հատվածի հարցը։ 2008 թվականից Հայաստանի երկաթուղիները գտնվում են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր կառույցի` «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կառավարման ներքո` կոնցեսիոն պայմանագրի հիման վրա` 30 տարի ժամկետով, հնարավոր երկարաձգմամբ:

… Սակայն վերադառնանք խորհրդային ժամանակներին։ ԽՍՀՄ և Թուրքիայի կառավարությունների 1967 թվականի փետրվարի 28-ի արձանագրության համաձայն` պետական սահմանի վերագծման տեխնիկական հարցերը լուծելու համար ստեղծվել է խորհրդա-թուրքական հանձնաժողով։ Նրա եզրափակիչ նստաշրջանը տեղի է ունեցել Անկարայում 1973 թվականի դեկտեմբերի 1-29-ը: Հանձնաժողովի ներկայացուցիչը՝ Հայաստանի ՊԱԿ-ի գնդապետ Գուրգեն Նալբանդյանը (1902-98թթ․), քննադատել է «ԽՍՀՄ պատվիրակության ղեկավարության դիրքորոշումը, որը գնացել է թուրքերի հետևից` անհիմն քաղաքական զիջումներ անելով:
Նալբանդյանը պաշտոնապես հայտարարեց խորհրդային պատվիրակության նախագահ Պավել Երմոշինին, որ կտրականապես առարկում է՝ խորհրդա-թուրքական պետական սահմանի անփոփոխելիության մասով նախագծի թուրքական մամուլի հաղորդագրության վերջաբանին։ Նա նախագիծը բացարձակապես անընդունելի էր համարում ԽՍՀՄ-ի և, առավել ևս, Հայկական ԽՍՀ-ի համար, քանի որ թուրքերը ձեռք էին բերում նոր քաղաքական փաստաթուղթ, որն, ըստ էության, ճանաչում էր հայկական հողերի՝ նրանց կողմից բռնագրավումը։
Նալբանդյանը թույլտվություն է խնդրել անմիջապես մեկնել ԽՍՀՄ` ԽՍՀՄ ԱԳՆ-ի և ՀԽՍՀ ղեկավարությանը համապատասխան զեկույցի համար, սակայն նրա առարկություններն ու պահանջները բացասական են ընդունվել Թուրքիայում ԽՍՀՄ դեսպան Վասիլի Գրուբյակովի և խորհրդային պատվիրակության նախագահ Պավել Երմոշինի կողմից, որոնք ինքնուրույն լուծել են հարցը»։

Ահա մի հատված գնդապետ Գ. Նալբանդյանի զեկուցագրից.
«Թուրքերը լուծում են իրենց խիստ հետաքրքրող կոնկրետ հարց` բռնազավթված հայկական հողերի՝ մեր կողմից նորացված ճանաչումը։ Հայտնի է՝ թուրքերը շատ հարցեր են լուծել և լուծում, այդ թվում և՝ սահմանային, և իրենց մյուս հարևանների հետ հարցերը, սակայն նրանցից «սահմանի անփոփոխելիության» երաշխիքների մասին համակարգված հավաստիացումներ չեն պահանջել և չեն ստացել։ Եթե անցնի թուրքական նախագիծը, թուրքերը, իրենց մտահղացմամբ, ավելի ուժեղ և ծանրակշիռ փաստաթուղթ կստանան, քան 1921 թվականի Կարսի և Մոսկվայի պայմանագրերը: Այս անգամ գրավված հայկական հողերը թուրքերին ամրացնող նոր փաստաթղթի ծանրությունը պայմանավորված կլինի այդ փաստաթղթի ընդունմանը հենց Հայկական ԽՍՀ-ի՝ ի դեմս նրա ներկայացուցչի մասնակցությամբ։
Բայց Հայկական ԽՍՀ ներկայացուցիչը նման փաստաթղթի ընդունմանը չի մասնակցի։ Խորհրդա-թուրքական պետական սահմանի ճակատագիրն անմիջական, ուղիղ կապ ունի հայ ժողովրդի հետ։ Հայկական ԽՍՀ հասարակությունը, աշխարհով մեկ սփռված գաղթական հայերի բազմաթիվ գաղութները պահանջում են, որ չտրորեն իրենց վերքերը և չվիրավորեն իրենց ազգային զգացմունքները: Հայկական հողերի գրավման ճանաչումը նշանակում է նաև Ցեղասպանության ճանաչում, քանի որ առանց թուրքերի կողմից հայկական հողերի գրավման չի եղել Հայոց ցեղասպանություն»։
Հայկական ԽՍՀ ներկայացուցիչ Գուրգեն Նալբանդյանը «1973 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 8-ին պաշտոնապես հայտարարեց խորհրդային պատվիրակության ղեկավարությանն ու անդամներին, որ ներկա չի լինի արարողությանը և չի մասնակցի փաստաթղթերի ստորագրմանը։ Դրանք ստորագրել են ԽՍՀՄ և Վրացական ԽՍՀ ներկայացուցիչները»։

Այդ դիրքորոշումը համաձայնեցված էր Հայկական ԽՍՀ ղեկավարության հետ, իսկ Մոսկվայում գերադասեցին «չհամոզել» նրան` հավանաբար ԽՍՀՄ-ում հայ ազգայնականության արմատական ձևերի ռեցիդիվների մտավախությունների պատճառով։ Բացի այդ, 1970-1980-ականններին հաճախակիացել են ահաբեկչական գործողությունները հայկական ընդհատակյա խմբերի կողմից, որոնք ենթադրաբար կապված են խորհրդային հետախուզության հետ, թուրք քաղաքական գործիչների և դիվանագետների դեմ, ինչն ակտիվորեն օգտագործվում է ադրբեջանա-թուրքական քարոզչության կողմից։ Անկարայում նման իրավիճակը գնահատել են որպես քաղաքական ճնշման գործոններից մեկը` ՆԱՏՕ-ում մերձավորարևելյան երկրի ոչ այնքան ակտիվ մասնակցության, հատկապես այդ դաշինքի հակասովետական կոմբինացիաներում հաշվարկով։ Միաժամանակ Թուրքիայում սկսել են ծավալվել ենթակառուցվածքներ Gladio գործողության շրջանակներում, որը համադրում էր ռազմատենչ հակակոմունիզմի գաղափարախոսությունն արմատական պանթուրքիզմի տարրերի հետ։

1991 թվականից հետո քաղաքական դեկորացիաներն արմատապես փոխվեցին, իսկ 2020-2023-ականների իրադարձությունները վերջնականապես վերջ դրեցին նախորդ քառորդ դարում հաստատված Կովկասի ստատուս-քվոյին։ Փաշինյանական Հայաստանի աստիճանական ինտեգրումը թյուրքական աշխարհին` Բաքու-Երևան-Անկարա եռանկյունում հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց, նշանակում է սահմանամերձ նոր կյանք արդեն ոչ այնքան հեռավոր հեռանկարում։
ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի