Տարեմուտից առաջ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում երեխաներն անուշեղենով ու ձեռքով պատրաստած տիկնիկներով զարդարել են Կաղանդ ծառը: Նրանց հյուր է եկել Կաղանդ պապը, սակայն նվերների փոխարեն բաժանել է բարի խորհուրդներ:
Կաղանդ ծառը սովորական ծառի ճյուղ է, որը զարդարում են տարբեր թելերով, չրերով, ձեռագործ տիկնիկներով, իսկ լույսերի փոխարեն մոմեր են վառում: Տարբեր մարզերից Ուջան եկած երեխաներն անհամբեր սպասում են ծառը զարդարելուն։ Գայանեն երկվորյակ քրոջ՝ Կատրինի հետ Երևանից է եկել:

«Հիմա տիկնիկ պետք է պատրաստեմ, առաջին անգամ եմ պատրաստելու»:
Իսկ Սոնան արդեն փորձ ունի, իր պատրաստած տիկնիկները խնամքով պահել ու կախել է ծառի ճյուղին:
«Ես 10 տարեկան եմ, եկել եմ, Արուճ գյուղից: Մենք հիմա երեխաներով թելերից տիկնիկ ենք պատրաստում»:

Տիկնիկներ պատրաստելու հմտությունները սովորեցնում է Լիլիթ Գրիգորյանը: Սա լավագույն տարբերակն է երեխաներին ծանոթացնելու մեր ազգային մշակույթին՝ ասում է Լիլիթը:
«Կաղանդ ծառը հայկական տոնածառն է համարվում, այն քաղցր ծառ է՝ գունավոր, լույսերով: Տարբեր վայրերում տարբեր կերպ են զարդարել, բայց հիմնական իմաստն այն է, որ խորհրդանշի եկող տարվա առատությունը: Երբ մարդիկ զարդարել են կաղանդ ծառը, զարդարել են բարեմաղթանքներով, ցանկություններով»:
Սեղանին թելեր են, չրեր, ընկույզ, գունանյութեր, վրձիններ: Թելից տիկնիկներ պատրաստելը մեծ ջանք չի պահանջում, այլ ստեղծագործական մոտեցում:


«Վերցնում ենք թելը, փաթաթում ձեռքով, այնքան, որ մի քիչ հաստ լինի, որպեսզի կարողանանք պատրաստել տիկնիկի մարմինը: Սրանք, այո, տոնածառի խաղալիքներ են»:
Բացի տիկնիկներից երեխաները Կաղանդ ծառը զարդարում են նաև թելերի մեջ փաթաթված չրերով: Ավանդույթի խորհուրդը Վաղարշապատի պատմա-ազգագրական թանգարանի տնօրեն, հնագետ Անժելա Թադևոսյանն է բացատրում։

«Ծառի ճյուղերից է ձևավորվում՝ չրերով, մրգերով,թելերով, մեծ մասամբ կանաչ ու կարմիր գույնի թելերով: Կարմիր թելը հասունության խորհրդանիշն է, կանաչը՝ պտղաբերության: Զարդարել են ձեռքով պատրաստած ցորենի հասկերով, չջարդած ընկույզով, որը ձևավորել են թելերով, քաղցրավենիքով»:
Կաղանդ ծառը զարդարելուց հետո երեխաներին հյուր է գալիս Կաղանդ պապը: Նրա նվերները բարի խորհուրդների տեսքով են: Լիլիթը փորձել է ստանալ Կաղանդ պապի կերպարը:

«Հստակ կերպար չկա, տարբեր ստեղծագործողներ փորձում են իրենց պատկերացումներով ստանալ այդ կերպարը: Այս տարի ես փորձեցի պատրաստել Կաղանդ պապի կերպարը: Հագուստները ես եմ կարել, կերպարը ես եմ որոշել: Տարեցտարի մեր Կաղանդ պապը կզարգանա, կհղկվի ու հետաքրքիր տեսք կստանա»:
Կաղանդը կամ ամանորը հատկապես ծիսական բնույթ են ունեցել: Ծիսական է եղել նաև Կաղանդ պապը՝ ասում է հնագետ Անժելա Թադևոսյանը:

«Կաղանդ պապ կամ Մեծ պապուկ, այդպես են ասել: Կաղանդ պապը ոչ թե նվերներ է բերել, այլ ավելի շատ խորհուրդներ տվել, ասենք՝ համեստություն, ազնվություն, բարիություն: Կաղանդ պապը խորհրդանշում էր նաև 7 աստվածություններին. Արամազդին, Անահիտին, Աստղիկին, Միհրին և այլն: Այսինքն՝ այստեղ ավելի շատ ծիսական նշանակությունն է եղել»:
Ծիսական մշակույթի մաս է նաև տարեհացը, որի մեջ մետաղադրամ են դրել, թխել ու բաժանել ընտանիքի անդամներին: Ում բաժին ընկնի մետաղադրամը, հաջող տարի է ունենալու:

Երեխաները նաև տարեհաց ճաշակեցին: Մարիամ Անդրեասյանը չորս երեխաներից երեքին էր բերել ազգային ծիսական ավանդույթին մասնակցելու: Ասում է՝ երեխաները սիրով են պատրաստել խաղալիքներն ու զարդարել Կաղանդ ծառը:
«Հավանում են երեխաները, իրենց դուր է գալիս: Կարծես թե փորձել են մոտեցնել, նմանեցնել հին հայկական կաղանդի ամանորյա միջոցառմանը, թե ինչպես են հին ժամանակներում կազմակերպել նոր տարին: Մի քիչ իրենց խորթ է, որովհետև նոր սերունդ են, բայց կարծում եմ հետաքրքիր է, որովհետև կլանված զբաղվում են»:


Լիլիթ Գրիգորյանը հույս ունի, որ երեխաներն իրենց հետ տուն կտանեն ոչ միայն միջոցառման տրամադրությունը, այլև տոնի մշակույթն ու Կաղանդ պապի խորհուրդները։