Ով կմտածեր՝ հուդաները կվերածնվեին մեր խնկաբույր հայրենիքում․ Ղուկասյանն ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ԱԱԾ մեկուսարանից Ամանորի ուղերձ-նամակ է գրել, ինչը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Չէի պատկերացնում, որ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ձեզ կշնորհավորեի ԱԱԾ-ի բանտախցից, որտեղ հայտնվել եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ օրվա իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի հետևանքով։

2025-ի ապրիլ ամսից ստանձնել եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Իմ նախընտրական խոստումներից առաջինը քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցների աշխատավարձի 30 տոկոսով բարձրացումն էր։ Սա ոչ միայն և ոչ այնքան սոցիալական նպաստավոր ծրագիր է, որքան Գյումրուն և գյումրեցուն ծառայող՝ մշակույթի, սպորտի, կրթության ոլորտների, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի գնահատում։ Հարկ է նշել, որ աշխատանքի վարձատրության աճը տեղի է ունեցել համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի բարձրացման, ոչ թե պարգևավճարներով փոխհատուցելու միջոցով։ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պատմության մեջ աշխատավարձի թռիչքային նման բարձրացում չէր արձանագրվել։

2026-ից համաձայն իմ նախընտրական ծրագրի՝ մինչև 20 տոկոս էլի՛ կբարձրանա աշխատավարձը։ Այս ամենն հնարավոր է՝ ելնելով քաղաքապետարանի համապատասխան բաժինների արդյունավետ հարկահավաքագրումների։

Շնորհակալ եմ, սիրելի՛ գյումրեցիներ, որ ինչպես միշտ, անարձագանք չեք թողնում մեր հորդորները և կարողանում եք փոխըմբռնմամբ աշխատել հանուն Գյումրիի։

Կարճ ժամանակահատվածում իմ թիմը կարողացավ լուծում տալ երաժշտական, մարզադպրոցների, նախակրթարանների՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրներին։ Շնորհակալ եմ պատասխանատու և նվիրյալ տնօրեններին, որոնք ջանք չխնայեցին՝ հոգածությամբ կյանքի կոչել իմ ծրագրերը։

Ինձ համար շատ կարևոր է՝ Գյումրիից հավաքագրվող 85 միլիարդ դրամի դիմաց ընդամենը 4 միլիարդ դրամ գումարը Գյումրիին վերադարձնելու անարդար քաղաքականության դեմ պայքարը։ Սա ոչ թե սխալ է, այլ պետական հանցագործություն է Գյումրիի նկատմամբ։

Դուք գիտեք, որ այս խնդրի բարձրաձայնումը ևս օրվա իշխանությունները չներեցին։ Չներեցին նաև թրքահպատակությունը մերժելու և Հայաստանի անկախությունը պահպանելու՝ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու իմ հնչեցրած կարծիքը։ Ու այս ամենի «գինը» Գյումրու քաղաքապետի պաշտոնում իմ ընտրվելու փաստն է։ Օրվա իշխանությունները չեն կարող համակերպվել ձեր, սիրելի գյումրեցիներ, քաղաքական ընտրության հետ։ Գյումրիում կրած պարտությունն առավել թեժացրեց և բարկացրեց նրանց։

Քաղաքական այդ ապտակը բռնաճնշումների նոր ալիք բարձրացրեց, ինչից չի վախեցել և չի վախենում գյումրեցին։ Վկա՝ Սուրբ «Յոթ Վերք», Սուրբ «Ամենափրկիչ», «Սուրբ Նշան», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցիների անլռելի զանգերն ու առաքելապաշտ հավատավոր գյումրեցիներիս կամքը։

Հարգելի՛ հայրենակիցներ

2025-ը ևս, ցավոք, մեր ժողովրդի յոթնամյա շարունակական տառապանքի, ամոթի, ազգային նվաստացման տարի էր։ Ով կմտածեր, որ հուդաները կվերածնվեին մեր խնկաբույր հայրենիքում։ Ազգային իշխանության փոխարեն մենք ունենք թշնամական, ազգային արժեքները անարգող, ազգակործան գաղափարախոսությունը կեղծ խաղաղությամբ փոխարինած, օտարների շահերը սպասարկող իշխանություն։

Տարին աչքին ընկավ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնարարքներով, կալանքներով և ձերբակալություններով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, նույնն է թե՝ Քրիստոսի վրա սուր բարձրացնելով՝ ոստիկանական համազգեստը կրող հավատուրացների խայտառակ հարձակումներով Մայր Տաճարի վրա։ Սա Հայաստանը սպանելու ծրագրված քաղաքականություն է։ Ես չգիտեմ երկրորդ նման իշխանություն, որը խրախուսի եղբայրասպանությունը, հրահրի արյունահեղություն, հոգս ու տառապանք պատճառի սեփական ժողովրդին։

Բայց վստահ եմ՝ 2026-ը լինելու մեր արդար պայքարի, սրբապիղծներից մեր պաշտելի հայրենիքը ազատագրելու, տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի»։

 

Leave a Comment