Ավելի քան վեց ամիս անազատությունից հետո Սամվել Կարապետյանը վերադարձավ տուն

Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը վերադարձավ տուն։ Դատարանը բավարարեց փաստաբանական թիմի միջնորդությունը՝ գործարարի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով ու գրավով։

Պաշտպանական կողմի փոխանցմամբ՝ այս դատական նիստը տարբերվում էր նախորդներից թե՛ ձևաչափով, թե՛ օպերատիվությամբ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը շեշտեց՝ սա դեռ վերջնական հաղթանակ չէ, քանի որ սահմանափակումները խիստ են։

Դատարանը որոշումը կայացրել էր դեկտեմբերի 30-ի երեկոյան՝ ժամը 19։30-ի սահմաններում՝ արձանագրելով, որ կալանքը վերացվում է անհապաղ։ Դա իրենից ենթադրում էր նիստերի դահլիճից ազատ արձակում, տեղափոխում տնային կալանքի ռեժիմի, սակայն 60-ամյա բարերարը Երևան քրեակատարողական հիմնարկից տուն տեղափոխվեց միայն 22։30-ի սահմաններում։

Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ դատարանի որոշումն այնքան էլ սպասելի չէր, ըստ այդմ՝ շնորհավորանքներ են ստանում։ Շատ ոգևորված են մարդկանց վերաբերմունքից և աջակցությունից։

Գործարարին և «Մեր ձևով շարժման» հիմնադրին տեղափոխող մեքենան ուղղություն վերցրեց դեպի նրա առանձնատուն, որտեղ նրան սպասում էին ընտանիքի անդամներն ու մերձավորները, ովքեր այս 6 ամիսների ընթացքում պայքարում էին նրա ազատության համար։

Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 19-ին, երբ հրապարակավ քննադատել էր Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների հասցեին հնչող հայտարարությունները։ Դատարանը գործարարի՝ «եկեղեցին պաշտպանելու ենք մեր ձևով» արտահայտությունը որակել էր որպես իշխանության զավթման փորձ և երեք անգամ երկարացրել կալանքի ժամկետը։ Գործարարը բազմիցս շեշտել է. մեղադրանքը չի ընդունում և կշարունակի աջակցել եկեղեցուն։

Կարապետյանն արդեն իր առանձնատանն է։ Թեև դատական գործընթացը շարունակվում է, այստեղ նրան դիմավորել են ընտանիքի անդամներն ու հարյուրավոր աջակիցներ։ Նրանք, ովքեր վերջին 6 ամիսներին բարերարի կողքին էին՝ սատարելով հենց իրենց ձևով։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment