Ի՞նչ ունեցվածք ունի Փաշինյանի ընտանիքին ամենահավատարիմ ՔՊ-ական պատգամավորը․ Armlur

Armlur.am-ը գրում է․ ՔՊ կուսակցությունում Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ մարդը, գաղտնիք չէ, որ Արուսյակ Մանավազյանն է, ով զբաղվում է կուսակցության համակարգմամբ։ Ներկայումս Մանավազյանն ԱԺ պատգամավոր է, ով նաև ՔՊ վարչությունում սեպտեմբերին ընտրվել է 416 ձայնով:

Փաշինյանի հրապարակած տեսանյութերից հաճախ կտեսնեք՝ ինչպես է Մանավազյանը դիմավորում և ուղեկցում վարչապետին կուսակցության նիստերի ժամանակ։

Արուսյակ Մանավազյանը 2008 թվականին ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2008թ.՝ «Էկոնոմիկա եւ իրավունք» կենտրոնի «Հաշվապահական հաշվառում» եռամսյա դասընթացը: 2019թ.՝ Հյուսիսային համալսարանը «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ (բակալավրիատ):

Մանավազյանի կապը վարչապետական ընտանիքի հետ շատ խորը արմատներ ունի, քանի որ վերջինս 2008-2019 թվականներին աշխատել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ, իսկ 2019-2021 թվականներին՝ տնօրեն:

Մանավազյանը եղել է նաև 2018- 2021 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվապահ: 2019-2020թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահ: 2020-2021թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ տնօրենի լիազորությունները կատարող:

Երբևէ քաղաքական անցյալ չունեցած Մանավազյանը մինայն 2021-ի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Իսկ ինչ ունեցվածք ունի Արուսյակ Մանավազյանը․

Մանավազյանի 2024  թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորն ունի 3 անշարժ գույք՝ 2 հողամաս Փարաքար համայնքում ձեռք բերված 2001  թվականին և 1 բնակարան ձեռք բերված 2020 թվականին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Մանավազյանը 2024 թվականին որպես նվիրատվություն ստացել է 2017 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։

ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 54 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 400 հազար դրամ և 19 հազար դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 189 հազար դրամ, որից 10 մլն 159 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից,  եկամուտներից 1 մլն 987 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է ՀՀ Ֆինանսների նախարարությունից, իսկ 42 հազար 178 դրամը Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումն է Ամերիաբանկ ՓԲԸ-ից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 484 հազար դրամ, որից 14 մլն 504 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Leave a Comment