Ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիքի հիմնավորմամբ հրաժարվել է պատասխանել, թե երբ է բացահայտել, որ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կապ ունի օտարերկրյա գաղտնի ծառայության հետ։ Այս մասին է վկայում ԱԱԾ-ի պատասխանը Armenia Today-ի հարցմանը։
ԱԱԾ-ից հետարքրքվել ենք նաև, թե երբ են բացահայտել, որ, ըստ իրենց տվյալների, արքեպիսկոպոս Ներսիսյանը համագործակցել է Խորհրդային ՊԱԿ-ի հետ 1986-1988 թվականներին:
Ի պատասխան հայտնել են, որ այդ տեղեկությանը ԱԱԾ-ն տիրապետել է 1986-ից։
Ավելի վաղ Civic.am կառավարամետ կայքը հրապարակել էր ՀՀ ԱԱԾ-ի պատասխանն իր հարցմանը, ըստ որի՝ արքեպիսկոպոս Ներսիսյանը համագործակցել է Խորհրդային ՊԱԿ-ի հետ 1986-1988 թվականներին: Ավելին, ԱԱԾ պատասխանում, հղում անելով «առկա տվյալներին», պնդում են, որ արքեպիսկոպոսը ներկայումս «կապեր է պահպանում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և շահերին»:
