Դեկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել գործ, ըստ որի «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության նախկին գլխավոր հաշվապահը յուրացրել է ընկերությանը պատկանող 106․302․000 դրամ։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։ Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացությունը
Իշխան Մարտիկի Վահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը, 2019 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող 106.302.000 ՀՀ դրամ գումարը:
Կիրառված խափանման միջոցները
Մեղադրյալ Իշխան Վահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Իշխան Մարտիկի Վահրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Գործի ընթացքը
Գործը դեկտեմբերի 23-ին մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին, իսկ նախնական դատալսումները նշանակվել է 2026 թվականի հունվարի 08-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում,- տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: