Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության արդյունավետ կառուցակարգեր։ Նախագծի ընդունումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ խթան կհանդիսանա՝ բարեվարք և պատասխանատու վարքագծի դրսևորման համար, ինչպես նաև թույլ կտա ապահովել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի նկատմամբ իրավաչափ վերահսկողությունը, վարքագծի կանոնների խախտման դեպքում համապատասխան իրավական հետևանքների անխուսափելիությունը։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության կառուցակարգերի ներդրման, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների կատարման անհրաժեշտությամբ։
«Հանրային ծառայության մասին» օրենքով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքում նախատեսված է կարգապահական պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ Օրենքը նախատեսում է, որ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքում նույնպես նախատեսել կարգապահական պատասխանատվություն, քանի որ կարգապահական պատասխանատվության բացակայության պայմաններում նշված պաշտոնատար անձանց կողմից համապատասխան խախտման դեպքերը որևէ իրավական հետևանք չեն առաջացնում, ուստի և չեն սահմանափակում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց՝ զերծ մնալու նմանատիպ խախտումներից։
Նախագծով սահմանվող կարգավորումների նախատեսման անհրաժեշտությունն ընդգծվել է ՀՀ միջազգային հանձնառությունների շրջանակներում։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի շրջանակներում վեր է հանվել հետևյալ եզրահանգումը․ «ԳՐԵԿՈ-ն առաջարկում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոններին, շահերի բախմանը և բարեվարքությանն առնչվող կարգավորումներին հետևել ու կարգն էապես խստացնել, այդ թվում՝ ապահովելով, որ բոլոր խախտումների համար նախատեսված լինեն պատշաճ հետևանքներ»:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված գործողությունների ծրագրի 1.26-րդ գործողությունից, որով նախատեսվել է որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանել պատասխանատվության միջոցների կիրառման պարտադիր պահանջ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր՝ 28.1-ին հոդվածով, որով սահմանվում են քաղաքական պաշտոն զբաղեցնող որոշ անձանց՝ փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների և նրանց տեղակալների կարգապահական պատասխանատվության հիմքերը և ընթացակարգը։ Ըստ առաջարկվող կարգավորումների՝ կարգապահական պատասխանատվության գործընթացը սկսում է համապատասխան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից։
Ընդ որում, հաշվի առնելով քաղաքական պաշտոնների բնույթն ու առանձնահատկությունները՝ տույժի կիրառումը սահմանվել է որպես պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողական լիազորություն։ Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խախտման բացակայության վերաբերյալ եզրակացությանը, այդ դեպքում, ըստ Նախագծով առաջարկվող կարգավորման, կարգապահական տույժ չի կարող կիրառվել։
Նախագծով նաև առաջարկվում է Օրենքի 28-րդ, 32-րդ, 33-րդ հոդվածներում տեղ գտած՝ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ չկիրառելու ընդհանուր կանոնից նախատեսել բացառություն՝ սահմանելով, որ այդ կանոնը կիրառելի չէ Օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում։
Նախագծով առաջարկվող լրացումները պարունակում են նաև կարգապահական տույժի կիրառման համաչափության, խախտումը կատարելուց հետո կարգապահական տույժի կիրառման հնարավոր առավելագույն ժամկետի, տույժի մարման վերաբերյալ կարգավորումներ։
«Հոդված 28.1. Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական պատասխանատվությունը
- Փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների կամ նրանց տեղակալների կողմից վարքագծի կանոնի խախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով։
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո տասնօրյա ժամկետում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կարող է որոշում կայացնել խախտում կատարած պաշտոնատար անձի նկատմամբ հետևյալ կարգապահական տույժերից մեկը նշանակելու մասին․
-
- նախազգուշացում.
- նկատողություն․
- խիստ նկատողություն․
- պաշտոնից ազատում։
- Կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ որոշման պատճենը հնգօրյա ժամկետում ուղարկվում է կարգապահական տույժի ենթարկված անձին։
- Վարքագծի կանոնի մեկ խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։ Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որոնց պայմաններում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում նույն պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու, ինչպես նաև տույժի նշանակման պահին այլ կարգապահական տույժեր ունենալու հանգամանքները:
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն տրված լինելու դեպքում կարգապահական տույժ չի կարող նշանակվել։
- Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է 12 ամիս:
- Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, տույժի ենթարկված պաշտոնատար անձը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
- Պաշտոնատար անձին քաղաքացիաիրավական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը։»:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «,բացառությամբ սույն օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը։
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասում «Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։