ՀԷՑ-ի վթարված «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում․ Facebook-ի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում»,- նշել է նա։
Ավելի վաղ Պետրոսյանը ABC Media-ին հայտնել էր, որ հոսանքազրկված թաղամասերում էլեկտրաէներգիան կվերականգնվի ժամը 22։00-ին։ Բայց 23։00-ի դրությամբ՝ Երևանի մի քանի թաղամասեր դեռ հոսանքազրկված են։
Շրջանառվող տարբեր տեղեկություններով՝ էլեկտրաէներգիան կարող է վերականգնվել դեկտեմբերի 30-ին ժամը 02։00-ին։