«Տարօրինակ է հնչում, բայց Պուտինը շատ առատաձեռն էր». Թրամփը՝ Ուկրաինային էժան էներգիա վաճառելու ՌԴ մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ համագործակցել Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) վերագործարկման ուղղությամբ, և կայանը կարող է շահագործման հանձնվել արդեն մոտ ժամանակներս։

Միացյալ Նահանգների նախագահի փոխանցմամբ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը քննարկվում է:

Ըստ Թրամփի՝ Պուտինի հետ ունեցած իր հեռախոսազրույցի ժամանակ Կրեմլի ղեկավարն իբր հետաքրքրվածություն է հայտնել ԱԷԿ-ի գործարկման հարցում և հավաստիացրել, որ օբյեկտի ուղղությամբ հրթիռային հարվածներ չեն հասցվի։

ԱՄՆ նախագահը սա որակել է որպես «մեծ առաջընթաց»՝ նշելով, որ խոսքն աշխարհի խոշորագույն ատոմակայանի մասին է, որը կարելի է արագորեն շահագործել։

«Իրականում կայանը կարող է սկսել աշխատել անմիջապես։ Մենք այս հարցը քննարկել ենք նաև նախագահ Պուտինի հետ։ Խոսել ենք ԶԱԷԿ-ի մասին, որն ամենամեծն է, թերևս, աշխարհում կամ խոշորագույններից մեկը։ Կարո՞ղ եք հավատալ՝ խոշորագույն ատոմակայաններից մեկը։ Եվ նախագահ Պուտինն այժմ աշխատում է Ուկրաինայի հետ այն գործարկելու ուղղությամբ, նա ուզում է, որ այն աշխատի»։

Թրամփը հավելել է, որ Ռուսաստանը բանակցությունների ժամանակ իբր մտադրություն է հայտնել Ուկրաինային էներգակիրներ վաճառել ցածր գներով։

«Սա մի փոքր տարօրինակ է հնչում, բայց Պուտինը շատ առատաձեռն էր Ուկրաինայի հաջողության վերաբերյալ իր զգացմունքներում, ներառյալ էներգիայի, էլեկտրաէներգիայի և այլ բաների մատակարարումը շատ ցածր գներով», — հայտարարել է Թրամփը։

Leave a Comment