
«Մոսկվան կվերանայի նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը»,-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով,որ այս քայլի պատճառը Ռուսաստանի նախագահի Վալդայում գտնվող նստավայրի դեմ ուկրաինական հարձակման փորձն է։
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները ներկայացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝պնդելով,որ ուկրաինական կողմի վերջին գործողությունները,- «ցնցել էին Թրամփին»։
«ԱՄՆ նախագահը ցնցված էր և բառացիորեն վրդովված։Նա նշեց,որ չէր էլ կարող պատկերացնել,որ [ուկրաինական կողմը] կարող է դիմել նման խելագար քայլերի»,-հայտարարում է Ուշակովը։
Նրա պնդմամբ Թրամփը նույնիսկ գոհունակություն է հայտնել,որ ամերիկյան կողմը Ուկրաինային չի փոխանցել «Տոմահավկ» տեսակի հեռահար հրթիռները։
Ամերիկյան կողմը Ուշակովի կողմից Թրամփին վերագրվող հայտարարությունների իսկությունը դեռ չի հաստատել։