Երևանի ու Բաքվի միջև կան հարցեր, որոնց շուրջ «կողմերը դեռ համաձայնության չեն հասել». Արարատ Միրզոյան

«Ազատություն». Երևանի ու Բաքվի միջև կան հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն հասել, երեկ Հանրայինի եթերում հայտարարել է արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը, սակայն չի հստակեցրել՝ որոնք են այդ հարցերը:

Օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո հայկական կողմը պնդում է՝ խաղաղություն է հաստատված: Ադրբեջանից մինչդեռ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պահանջում են փոխել Սահմանադրությունը: Արտգործնախարար Միրզոյանը չլուծված խնդիրներից խոսելիս կենտրոնացավ հենց այս հարցի վրա՝ պնդելով, թե այդ օրակարգի շուրջ Բաքվի հետ բանակցություններ չկան:

«Պետք է սա ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ: Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում», – ասաց նա:

Հարցին, թե խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է, Միրզոյանն արձագանքեց. «Այո, մենք չունենք երկկողմ այդպիսի՝ երկու կողմից ընդունված և դրա վրա աշխատվող օրակարգ: Նկատի ունեմ Սահմանադրության հարցը իրենց կողմից բարձրացվող, իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք ունենք՝ մեր, և դեռևս այստեղ համաձայնություն չունենք: Ես ասացի, որ մենք բազմաթիվ հարցեր լուծել ենք, բազմաթիվ բաներ արվում են, և կան կարևոր հարցեր, որտեղ դեռ չունենք փոխըմբռնում և համաձայնություն, և պետք է շարունակենք աշխատել»:

Վարչապետն անցած շաբաթ, արտգործնախարար Միրզոյանն էլ երեկ նշել են՝ TRIPP-ի իրականացման աշխատանքները կսկսեն 2026-ի ամռանը, Բաքվից պնդում են՝ 2026-ի ավարտին իրենց կողմում շինարարությունը կավարտվի:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment