Բաքվում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի մասին վիրտուալ հանրագիտարանային հավաքածու» առցանց ռեսուրսի շնորհանդեսը, որը պատրաստվել է առաջնային աղբյուրների և գիտական նյութերի հիման վրա, հայտնել են ադրեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակման՝ առցանց ռեսուրսը բաղկացած է 8 հիմնական բաժիններից, 34 գլուխներից և 55 ենթագլուխներից, որոնք ընդգրկում են Արևմտյան Ադրբեջանի բնական և աշխարհագրական պայմանները, պատմական աշխարհագրությունը, հնագիտությունը, ազգագրությունը, քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Նախագիծն իրականացվել է տարածքային հիմունքներով, յուրաքանչյուր բնակավայրի (քաղաք, շրջան, գյուղ) վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է համակարգված և օգտագործողին հարմար ձևաչափով։
Նախագծի շրջանակներում ստեղծվել է 16 կատալոգ, այդ թվում՝ Երևանի և Շիրակի քարտեզներ, մզկիթներ, գերեզմանատներ և 1 192 բնակավայրեր։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի օգտագործումը ոտնձգություն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Հունվարին այս մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հունիսին Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը նշանակում է Բաքվի տարածքային նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Բաքվից վերջին տարիներին բազմիցս հայտարարել են Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։ Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելուց։
Կարդացեք նաև՝
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռ փակել «արևմտյան Ադրբեջանի» և Արցախ վերադարձի հարցը
