ԱՄՆ-ն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանել է 15 տարով. Զելենսկին ավելին է ուզում

Չնայած ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքները «100%-ով համաձայնեցված են», դրանք կարճ ժամկետ ունեն․ գրում է Euronews-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Զելենսկիի խոսքով՝ ԱՄՆ-ն համաձայնել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել 15 տարով՝ ժամկետի հնարավոր երկարաձգմամբ։ Նա այս մասին ասել է երկուշաբթի լրագրողների հետ զրույցում՝ ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելով այն մասին, թե ինչ է քննարկվել և համաձայնեցվել կիրակի Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Մար-ա-Լագոյում բանակցություններից հետո Թրամփի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «100%-ով համաձայնեցված են»։

«Մենք մեծ ձեռքբերումներ ունենք․ 20 կետանոց խաղաղության ծրագիրը 90%-ով համաձայնեցված է, իսկ ԱՄՆ-Ուկրաինա անվտանգության երաշխիքները 100%-ով են համաձայնեցված», – լրագրողներին ասել է Զելենսկին։

Ավելի ուշ նա նշել է, որ երաշխիքներն իսկապես «ուժեղ» են, սակայն «առայժմ դրանք մշտական ​​չեն»։

«Ես (Թրամփին, խմբ․) ասացի, որ պատերազմը շարունակվում է գրեթե 15 տարի, և մենք իսկապես կցանկանայինք, որ երաշխիքներն ավելի երկար լինեին։ Ես նրան ասացի, որ մենք կցանկանայինք դիտարկել 30, 40 կամ նույնիսկ 50 տարվա երաշխիքներ, և որ դա կլիներ պատմական որոշում նախագահ Թրամփի համար: Նախագահն ասաց, որ կմտածի այդ մասին», – ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ առանց անվտանգության երաշխիքների պատերազմը չի ավարտվի։

Leave a Comment