Քաղաքապետ․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի հետ կապված՝ կառավարության հատուկ որոշում է լինելու

Քաղաքապետ․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի հետ կապված՝ կառավարության հատուկ որոշում է լինելու

29 դեկտեմբերի 2025 – 14:06 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրին՝ նշելով, որ լինելու է կառավարության հատուկ որոշում։

«Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է, և դրանցից մեկը՝ պարզ փորձաքննությունը, մեկից ավելի տարի է տևել։ Մեր օրենսդրությունը նույնիսկ այս տեսակ նախագծի հետ նախկինում նման առնչություն չի ունեցել՝ այս որակի ու բարդության։ Հիմնական ժամանակային հետաձգումները դրա հետ է կապված»,–ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։

Նրա խոսքով, ավելի լավ է մի փոքր ավել ժամանակ ծախսել նախագծային փուլերի՝ գրագետ տեխհսկողություն ունենալու վրա, «որ հետագայում շինարարության ընթացքում կառավարումը կարողանանք որակային տեսանկյունից ու ժամանակային տեսանկյունից պահել վերահսկողության տակ»։

«Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված մոտեցումը սա է, և հաջորդ տարի ունենալու ենք կառավարության հատուկ որոշում՝ մետրոյի կայարանի հետ կապված»,- ասել է նա։

Ավելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարության մեկնարկի համար պետբյուջեից հատկացված 9.6 մլրդ դրամից օգտագործվել է միայն մի մասը, իսկ մնացած 1.6 միլիարդը այս տարի վերաբաշխվել է՝ ուղղվելով Երևանին 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը։ Ավինյանն ընդգծել էր, որ այս նախագիծը համարվում է անկախ Հայաստանի ամենաբարդ ինժեներական նախաձեռնություններից, որի նախնական փորձաքննությունը միայն տևել է մեկ տարի, և գործնականում անհնար է եղել ամբողջ գումարը ծախսել ընթացիկ տարում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի շուրջ ստեղծված վիճակին, նշել է, որ «այս իշխանությունը չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել»։

«Մետրոյի «Աջափնյակ» կայանը էլի փոզմիշ եղավ։ Եկեք արձանագրենք, որ այս իշխանությունը (նախկինն էլ) չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել»,–գրել է նա։

Leave a Comment