ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը չունի որևէ օրակարգ, որը միտված լինի Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելուն կամ Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը խզելուն։
Հանրային հեռուստաընկերությանը տված ամփոփիչ հարցազրույցում Միրզոյանը շեշտել է, որ նման քաղաքականություն չի վարվում և այդ դիրքորոշումը հստակ ներկայացվում է նաև միջազգային գործընկերներին՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։
«Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու կամ Ռուսաստանի հետ կապերը խզելու որևէ օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չունի»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունների կառուցմանը և խորացմանը։
«Երբ մենք խորացնում ենք հարաբերությունները, օրինակ, Միացյալ Նահանգների կամ Եվրոպական միության հետ, պետք չէ այնտեղ փնտրել թաքնված օրակարգ՝ Ռուսաստանին դուրս թողնելու մասին»,- ընդգծել է ԱԳ նախարարը։
Միրզոյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանը շարունակում է գործնական համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ոլորտում։
Նրա խոսքով՝ եթե նման հակառուսական օրակարգ գոյություն ունենար, ապա Հայաստանի վարչապետը չէր առաջարկի ռուսական կողմին մասնակցել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնմանը՝ Գյումրիի և Երասխի հատվածներում, և ներգրավվել տարածաշրջանային տրանսպորտային շարժի մեջ։