29 դեկտեմբերի 2025 – 12:16 AMT
PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է, որ Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, ուստի դեռևս հանգստի ժամանակ չունեն։
«Մեր տեխնիկան և հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը մնա անցանելի»,–ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Նիստում քննարկվել են հանգստյան օրերին իրականացված ձնամաքրման աշխատանքները։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, թե քաղաքային ծառայությունները նախօրոք պատրաստված են եղել սպասվող տեղումներին, իսկ ձյուն մաքրելու գործողությունները սկսվել են ժամանակին։
«Ամբողջ գիշեր աշխատանքները վերահսկվել են տեղում՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից։ Առանց բացառության՝ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները տեղում են եղել և աշխատել»,- նշել է նա։
Արեյանի խոսքով՝ երթևեկելի հատվածների մշակումը շարունակվել է նաև դեկտեմբերի 28–ի ցերեկը։ Նա առանձնացրել է, որ ամենաբարդ հատվածը եղել է գիշերը կատարված աշխատանքը։
«Ամենածանր աշխատանքը, թող տարօրինակ չթվա, ոչ այնքան առաջին գիշերվա անընդհատ տեղումների մեջ աշխատելն էր, որքան երեկ երեկոյան ջերմաստիճանի կտրուկ անկումը։ Մենք ամեն ինչ արեցինք, որ քաղաքում որևէ խնդիր չառաջանա»,- ասել է նա՝ հավելելով, որ մաքրման գործողությունները շարունակվելու են նաև դեկտեմբերի 29–ին՝ ընդգրկելով մայթերն ու բակերը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է. «Իրապես, այս անգամ մեր արձագանքն ավելի օպերատիվ է եղել, և մենք ավելի լավ պատրաստված ենք եղել։ Երկրորդային որոշ փողոցների բարձրադիր հատվածներում դեռևս առկա են խնդիրներ։ Ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում շատ հաճախ աղն ու ավազը չեն օգնում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պլանավորել որոշակի գործողություններ»,–ասել է քաղաքապետը։