
Ինտենսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, Հանրայինին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով՝ «ժամանակն է, որ ունենանք մեծ, շոշափելի առաջընթաց գետնի վրա»:
«Ես տեսնում եմ և կարծում եմ՝ ակնհայտ է, որ գործընթացներն այսպես են գնում և այդպես է ստացվելու», – նշել է Միրզոյանը:
Միրզոյանի կարծիքով՝ մոտ ապագայում այս ուղղությամբ շատ դրական առաջընթաց լինելու է:
«Ընդհանուր առմամբ սա է այն գործընթացը, այն ուղղությունը, որով տարածաշրջանը գնում է և գնալու է: Անխուսափելիորեն գնացող զարգացում է, որովհետև սա շահավետ է Հայաստանի համար, շահավետ է Թուրքիայի ու Ադրբեջանի համար, շահավետ է բոլոր միջազգային գործընկերների համար», – ասել է նա:
Ավելի վաղ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին:
Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել:
Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ: