2025 թվականին գետերում միջին տարեկան ելքերը եղել են նորմայից ցածր՝ 50-90 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 28- դրությամբ կազմում է 1900,22 մ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«2025 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմում էր 1900,39 մ ու մինչև հունիսի 8-ը բարձրացել է 38 սմ-ով՝ դառնալով 1900,77 մ։ Հունիսի 9-ից մինչև դեկտեմբերի 28-ը լճի մակարդակն իջել է 55 սմ-ով։ Այսօրվա դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900,22 մ»,- նշեց Ազիզյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին գետերում միջին տարեկան ելքերը եղել են նորմայից ցածր՝ կազմելով 50-90 տոկոս։ Ընդ որում ամսական ելքերը զգալի ցածր են եղել հատկապես մայիս-հունիս ամիսներին, ինչը պայմանավորված է եղել նրանով, որ 2025 թվականի ձմեռն ամենաչորն է եղել սկսած 1935 թվականից, ու մինչև փետրվարը ձնածածկույթը չի գերազանցել 30 սմ-ն մինչև 2200 մ բարձրությունում։