2026 թվականի հունվարից փոփոխություններ են նախատեսվում «ՀՀ քննչական կոմիտեի մասին» և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքներում

Iravaban.net– ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան»  հասկացության, ինչպես նաև փորձաքննության հետ կապված դրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հստակեցնել ՀՀ քննչական կոմիտեի համակարգը՝ նախատեսելով ՊՈԱԿի և դրա գործառույթների վերաբերյալ դրույթներ:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում լրացնել ՊՈԱԿ-ի և դրա գործունեության վերաբերյալ դրույթներ, ինչպես նաև փոփոխություններ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում, 29-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում և 31-րդ 3-րդ մասում:

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Քննչական կոմիտեի համակարգում գործում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակը փորձաքննությունների, ինչպես նաև քրեագիտական աջակցության և քրեագիտական հաշվառումների իրականացումն է:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը`

  1. կատարում է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ, որի իրականացման, ինչպես նաև  ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի ստացման, օգտագործման և պահման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
  2. վարում է մատնադրոշմային քարտադարանը, որի կազմակերպման և գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
  3. ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու, որի ստեղծման, կազմավորման և վարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
  4. իրականացնում է այլ քրեագիտական հաշվառումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Leave a Comment