
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը և միջին քաշային կարգի ծագող աստղ Շարաբուտդին Մագոմեդովը (Շարա Բուլետ) անցկացրել են ավանդական հայացքների մենամարտը։
Դեկտեմբերի 30-ին Երևանում կկայանա գրեպլինգի կանոններով Ծառուկյան-Բուլետ մենամարտը։
Մենամարտը կանցկացվի մի քանի այլ մենամարտերով հագեցած մրցաշարի շրջանակում։ Մենամարտից առաջ մարզիկները հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Արման Ծառուկյանը նշել է, որ երբ տեղեկացել է մրցաշարի՝ Հայաստանում անցկացվելու մասին, անմիջապես համաձայնել է մասնակցությանը՝ առանց պայմանների քննարկման։
Նրա խոսքով՝ սա իր առաջին մենամարտն է հայրենիքում, և այդ հանգամանքն առանձնահատուկ նշանակություն ունի։
Ի տարբերություն Ծառուկյանի՝ Շարա Բուլետը դժգոհել է Երևան ժամանելու դժվարություններից։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նրա թռիչքը մի քանի անգամ հետաձգվել և ի վերջո չեղարկվել է, ինչի հետևանքով մարզիկը Հայաստան է ժամանել այլ երթուղով։
Չնայած առաջացած խոչընդոտներին՝ Բուլետը հայտարարել է, որ լավ մարզավիճակում է և պատրաստ է մենամարտին։
Ծառուկյան-Բուլետ մենամարտը կանցկացվի դեկտեմբերի 30-ին՝ երևանյան հանդիսատեսի ներկայությամբ։