
Զանգակատուն գյուղից մոտ հինգ կիլոմետր հյուսիս-արևելք՝ Հորթուն հին բանակատեղիի մոտակայքում է գտնվում ժայռերի մեջ փորված սբ Սարգսի վանքը, որը կազմված է եկեղեցուց, գավթից և խցերից։ Այս վանքը ժողովուրդը կապել է սբ Սարգսի անվան հետ, թեև չկա որևէ ստույգ տեղեկություն, որ այն սբ Սարգսին է նվիրված: Ժողովրդական մեկ այլ զրույցի համաձայն՝ այստեղ ժամանակին ճգնել է Սարգիս անունով մեկը, որի անվան հետ հետագայում կապվել է սրբատեղին:

Վանք կարելի է մտնել շարժական սանդուղքով. հնարավոր է, որ մշտապես էլ այդ միջոցով է տեղի ունեցել վանականների կամ ուխտավորների մուտքը վանք:

Սբ Սարգիս ժայռափոր վանքը ներկայիս Զանգակատուն գյուղի հիմնադրումից ի վեր եղել է բնակիչների և տարածաշրջանում ապրողների համար ուխտատեղի:


Բնակչության մեջ տարածված զրույցի համաձայն՝ ժայռափոր այս վանքը հայ-թուրքական բախումների ժամանակ ծառայել է նաև որպես դիտակետ՝ հարձակումներից պաշտպանվելու համար:
