Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից մշակված առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել <<Առողջության համընդհանուր ապահովագրության մասին>> օրենքի կիրարկումը, հստակեցնել Ռեգիստրի գործունեության մեխանիզմը, ապահովել պետական տարբեր մարմինների միջև փոխգործելիության հիմունքներով տվյալների փոխանցումը։
Ի՞նչ է նախատեսված օրենքով
Առողջության համընդհանուր ապահովագրության նպատակով ստեղծվելու է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստր, որն իրենից ներկայացնում է առողջության համընդհանուր ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան։
Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ և համապատասխան տվյալները ստացվելու են ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով՝ տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող տարբեր բազաներից։
Անհրաժեշտ է սահմանել Ռեգիստրում անհրաժեշտ տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգ՝ Ռեգիստրի գործարկման նպատակով։
Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով կարգավորվում են Ռեգիստրում Օրենքով նախատեսված անհրաժեշտ տվյալների հավաքման, վարման և փոխանցման հետ կապված հարաբերությունները։
Ի՞նչ է սահմանվել նախագծով
Նախագծով սահմանվել է, որ Ռեգիստրը, որպես առանձնացված շտեմարան, գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում, որը հասանելի է նաև բջջային հեռախոսի հավելվածի միջոցով։ Դրա հիման վրա, ապահովագրված անձը, մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ, հնարավորություն կստանա ծանոթանալու իր՝ որպես ապահովագրված անձի, կարգավիճակին։
Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ։
Ու՞մ կողմից է իրականացվելու ռեգիստրի վարումը
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։ Ընդ որում, Ռեգիստրում առկա անձնական տվյալները և առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները Հիմնադրամի կողմից մշակվում են՝ այդ տվյալներին էլեկտրոնային եղանակով հասանելիության իրավունքով, եթե դա անհրաժեշտ է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար:
Կարգավորումները
Նախագծով կարգավորված են նաև պետական իրավասու մարմինների կողմից տեղեկատվության փոխանցման հետ կապված հարցերը, այդ թվում նաև՝ այլ կազմակերպությունների և անձանց կողմից ներկայացված հարցումների հիման վրա տեղեկատվության փոխանցման, ինչպես նաև Ռեգիստրից ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով տվյալների փոխանցման մասին ամբողջական տեղեկության պահպանման հետ կապված հարցերը։
Հարկ է նշել, որ ըստ Նախագծի՝ Ռեգիստրում առկա ապանձնավորված տեղեկատվությունը համարվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծն անմիջականորեն կապված է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի <<ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի <<Առողջապահության նախարարություն>> բաժնի 1-ի կետի 1․3-րդ ենթակետով նախատեսված միջոցառման իրականացման հետ, որով սահմանված է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի <<Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> թիվ 174-Լ որոշման Հավելված 2-ի 2․3-րդ բաժնի 3-րդ կետի՝ <<Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի և դրա կառավարման խորհրդի ստեղծում, վերջինիս գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակում, առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունում>> միջոցառման իրականացման հետ։
Բյուջետային ազդեցությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: