Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին թվարկել է այն ապրանքները, որոնք, իր կարծիքով, հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել։

Պապոյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ քննարկումներ կան։

«Կա ապրանքների ցանկ՝ ալյումին, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։ Այս ուղղությամբ աշխատանք է տարվում»,- հավելել է նախարարը։

Նա վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Հայաստանից Ադրբեջան արտահանում նույնպես հնարավոր է։

«Ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև արտահանում: Այս պահի դրությամբ՝ բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար՝ հնարավորությունները շատ են: Կարծում եմ՝ վրացական, ադրբեջանական կողմերը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, դուք էլ մեզ հարցում կանեք, կհաստատենք»,- հայտարարել է նա։

Պապոյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Փաշինյանը հայտնել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։

Ran Oil-ը դեկտեմբերի 23-ին սկսել էր ադրբեջանական բենզինի վաճառքը: «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն կառավարում է Ran Oil ավտալցակայանների ցանցը, այն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալ»-ի կազմում է։ «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը փոխանցել էր, որ ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով՝ նախապես հայտարարված 440-ից ավելի էժան:

Փաշինյանը դեկտեմբերի 25-ին հույս էր հայտնել, որ առաջիկայում արտահանում կլինի նաև Հայաստանից Ադրբեջան, իսկ Պապոյանը հայտարարել էր՝ «ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի»։

Leave a Comment