Ավարտվեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը, որում մրցեցին Ալժիրի և Բուրկինա Ֆասոյի հավաքականները։ Մարոկկոյի Ռաբատ քաղաքի «Մուլա Էլ-Հասան» մարզադաշտում կայացած խաղում ալժիրցիները հաղթանակ տարան նվազագույն՝ 1:0 հաշվով։
Հանդիպման ելքը վճռվեց առաջին խաղակեսում. 23-րդ րոպեին Ռիյադ Մահրեզը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Բուրկինա Ֆասոյի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի չեմպիոն «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն, ով փոխարինվեց 78-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո Ալժիրը 6 միավորով միանձնյա գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Բուրկինա Ֆասոն 3 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Աֆրիկայի 2025 թվականի գավաթի խաղարկությունն անցկացվում է Մարոկկոյում։ Մրցաշարին մասնակցում է 24 ազգային հավաքական՝ բաժանված 6 խմբի։ Մրցաշարը կշարունակվի մինչև հունվարի 18-ը։ Գործող գավաթակիրը Կոտ դ’Իվուարի հավաքականն է։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ