Աֆրիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Մարոկկոյի և Մալիի հավաքականները հանդիպեցին Ռաբաթի «Արքայազն Մուլա Աբդուլլա» մարզադաշտում, որտեղ գրանցվեց 1:1 հաշվով ոչ-ոքի:
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում, երբ Մարոկկոյի հարձակվող Բրահիմ Դիասը հաջողությամբ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Սակայն 64-րդ րոպեին հյուրերի հարձակվող Լասին Սինայոկոն վերականգնեց հավասարակշռությունը, և խաղի մնացած ժամանակահատվածում թիմերին այլևս չհաջողվեց նոր գոլեր խփել:
Այս խաղին ներկա էր նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, ով եկել էր աջակցելու իր մոտ ընկերոջը՝ Աշրաֆ Հակիմիին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը տրիբունայում հետևում էր խաղին Մարոկկոյի հավաքականի մարզաշապիկով՝ կրելով Հակիմիի 2-րդ համարը, մինչդեռ հենց ինքը՝ Հակիմին, հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները միասին հանդես են եկել «Պարի Սեն Ժերմենում» 2021-ից 2024 թվականներին:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Երկու տուրից հետո Մարոկկոյի հավաքականը չորս միավորով շարունակում է գլխավորել A խմբի մրցաշարային աղյուսակը: Մալիի ընտրանին իր ակտիվում ունի երկու միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Այսպիսով, երկու թիմերն էլ պահպանում են հաջորդ փուլ անցնելու լավ հնարավորությունները: