«Մենք Ադրբեջանից բենզին գնենք, իրենք՝ զինվեն», «Պետք է առևտուր անենք». հարցում

Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեկտեմբերի 19-ին առաջին անգամ Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը:

Պետական եկամուտների կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ ադրբեջանական բենզինը Հայաստան ներմուծել է երկու ընկերություն՝ «Մեգա Թրեյդ»-ը և «Շիշա ուորլդը»։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն կառավարում է Ran Oil ավտալցակայանների ցանցը, այն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալ»-ի կազմում է։  Երկրորդ ընկերությունը՝ «Շիշա ուորլդ»-ը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Վերջինս, ըստ լրատվամիջոցների, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է:

Ներմուծված վառելիքն արդեն մի քանի օր է, ինչ վաճառվում է Ran Oil ընկերության բենզալցակայաններում և, ըստ սպառողների ու շուկայի ներկայացուցիչների, շուկայում առկա տեսականու համեմատ ավելի մատչելի գնով է առաջարկվում:

Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում հետաքրքրվելով՝ ինչպե՞ս են վերաբերվում ադրբեջանական բենզինից օգտվելուն, արդյոք արդեն օգտվել կամ պատրաստվո՞ւմ են օգտվել դրանից:

Նշենք, որ հարցվածների մի մասն իրենց դժգոհությունը հայտնեցին, քանի որ դեմ են Հայաստանում ադրբեջանական բենզինի վաճառքին։

«Չեմ ուզում հայհոյել։ Ավելի լավ է ռուսական բենզին գնեմ, քան ադրբեջանական»,- ասաց անցորդներից մեկը։

Հարցման մասնակից վարորդներից մեկն էլ, հարցին ի պատասխան, հայտնեց, որ «հայրենասիրությունս թույլ չի տա» դա անել։

Հավելենք, որ քաղաքացիների մի մասն ողջունել է Ադրբեջանի հետ առևտուր անելու Հայաստանի որոշումը։

«Իմ համար տարբերություն չկա, ուզում է՝ Թուրքիայինը լինի, ուզում է՝ Հայաստանինը։ Բենզին լինի՝ քշենք, իսկ եթե էժան է, ավելի լավ»,- ասաց հարցված վարորդներից մեկը։

Leave a Comment