Գործադիրն առաջարկում է արգելել օտարերկրյա ԶԼՄ-ների՝ Հայաստանի կյանքին միջամտող բովանդակության տարածումը

Կառավարության վերջին նիստում չզեկուցվող ընթացակարգով հավանության է արժանացել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագիծը։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սոցիալական ցանցում գրառմամբ տեղեկացրել է, որ պատրաստվում են օրենքով արգելել ատելության խոսքի տարածումն ու դրա համար պատասխանատվություն սահմանել։ Օրենքում առաջարկվում է նաև նոր դրույթ, ըստ որի՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծիք է հայտնել, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը կա, բայց այն կարող է դառնալ նաև խոսքի ազատության սահմանափակման օրինական միջոց։

Արգելել ԶԼՄ-ներով սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ, բռնություն և դաժանություն քարոզելու մասին բովանդակության տարածումը․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է խմբագրել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի քանի հոդվածներ ու ներառել նորերը։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել նոր դրույթ, ըստ որի՝ կարգելվի օտարերկրա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։

Կառավարության այս նախաձեռնությունը պայմանավորված է հատկապես վերջին ամիսներին ակտիվացած հիբրիդային հարձակումներով՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Ինձ համար ակնհայտ է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ուղիղ կապ ունի այն հիբրիդային ազդեցությունների հետ, որ որոնց հիմա ենթարկվում է Հայաստանը։ Հասկանալի է, որ գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունները փորձում են կիրառել այնպիսի միջոցներ, որոնք  կչեզոքացնեն ինֆորմացիոն պատերազմի վտանգները։ Եվ մենք հասկանում ենք, որ առաջին հերթին խոսքը Ռուսաստանից եկող վտանգների մասին է»։

Ռուսաստանյան հեռուստաալիքները, որոնք դեռ հեռարձակվում են Հայաստանի տարածքում, բազմիցս են տարածել Հայաստանի անվտանգությանը սպառնացող բովանդակություն՝ ասում է Մելիքյանը, և այդ տեսանկյունից տրամաբանական ու հասկանալի համարում կառավարության մոտեցումը։ Բայց դրան զուգահեռ, կարծում է, որ նման նախագծեր մշակելիս պետք է ավելի շրջահայաց լինել՝ բացառելու խոսքի ազատության հնարավոր սահմանափակումները։

«Պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ սովորաբար սահմանափակումները վտանգ են պարունակում խոսքի ազատության համար։ Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է համադրել և այնպիսի մեխանիզմներ ներառել, որոնք բուն նպատակին են ծառայում, բայց չեն վտանգում նաև խոսքի ազատությունը։ Ասեմ, որ այս օրենքի նախագիծը որոշ հստակեցումներ է մտցնում գործող օրենքում, այդպիսի մտադրություն կա և նկատվում է, բայց դրա հետ մեկտեղ բազմաթիվ հարցեր են առաջանում»։

Օրինակ՝ սահմանադրական կարգը տապալելու, բռնությամբ իշխանությունը զավթելու, պատերազմ հրահրելու արգելքն արդեն կա Քրեական օրենսգրքում, և այս օրենսդրական փաթեթից պարզ չի դառնում, թե ինչպես է որոշվելու՝ այս կամ այն բովանդակությունը ատելության խո՞սք է, թե՞ ոչ։

«Չկան կոնկրետ պարամետրեր կամ ինդիկատորներ, թե ինչպես է որոշվելու հանրային վնաս պարունակող բովանդակությունը։ Մասնավորապես, եթե խոսքը ատելության խոսքի մասին է, եթե խոսքը սահմանադրական կարգը խարխլելու, բռնությամբ իշխանությունը զավթելու և այլնի մասին է, այդ բոլոր արգելքները արդեն իսկ գոյություն ունեն Քրեական օրենսգրքում, և այս օրենքում այս  տիպի ընդհանրացված իմաստ ունեցող դրույթը, կարծում եմ, որ երկակի մոտեցումների առիթ կարող է լինել»։

Երկակի մոտեցման մասին մտահոգություն է առաջացնում նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի՝ ֆեյսբուքյան գրառման այն թեզը, թե «նախագծի ընդունմամբ կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները և կապահովվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար»։ Նման ձևակերպումներով հոդվածները կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ դառնալ՝ ընդգծում է Մելիքյանը։

«Այստեղ արդեն կարող է բանը հասնել նրան, որ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունը օրենքին հակասող խոսք  համարվի։ Մենք տեսնում ենք իշխանությունների վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ։ Շատ հաճախ, իհարկե, այդ դժգոհությունները հիմնավոր են, որովհետև բևեռացված մեդիամիջավայրում մասնավոր լրատվամիջոցների մեծ մասն ավելի շատ սպասարկում է քաղաքական շահեր, քան հանրային շահը, և դա շատ լուրջ խնդիր է։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք  դժգոհություններ նաև այն լրատվամիջոցներից, որոնք ընդունված է համարել որակյալ։ Եվ էստեղ վտանգ կա՝ արդյոք այս օրենքը, որպես կացին կամ մահակ չի օգտագործվի այն պարագայում, երբ լրատվամիջոցները օբյեկտիվ քննադատություն են ուղղում իշխանություններին»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությունն օրենքի նոր նախագիծը հավանության է արժանացրել չզեկուցվող ընթացակարգով և մինչև այդ չի քննարկել այն ոլորտի շահագրգիռ կողմերի հետ, Աշոտ Մելիքյանը ենթադրում է, որ դրա խորհրդարանական քննակումները ևս կարող են արագ ընթանալ՝ առանց հանրային լսումների ու քննակումների։

«Մենք մեր նախաձեռնությամբ դիմելու ենք այն ատյաններին, որոնք նախապատրաստել, մշակել են և  քննարկելու են այս օրենքի նախագիծը, մենք պատրաստ ենք մեր առաջարկություններով հանդես գալ։ Կարծում եմ, որ շատ կարևոր հանգամանք է, որ այս օրինագիծը ուղարկվի միջազգային փորձաքննության և Եվրոպայի խորհուրդ, մասնավորապես, միգուցեև Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացությունը տա։ Դա միայն օգուտ կբերի որակյալ օրինագիծ ունենալու համար»։

Օրենքի նախագծով նաև հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Լրացումներ և փոփոխություններ են կատարվել տուգանքներին վերաբերող բաժնում, մասնավորապես, օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով։ Նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգը։

Leave a Comment