Ադրբեջանի ԱԳ նախարարը չի բացառել իր այցը Հայաստան

Բաժանորդագրվել

Եթե դա են պահանջում իր երկրի շահերը, ապա ադրբեջանական նախարարը պատրաստ է այցելել Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը չի բացառել իր այցը Հայաստան:

«Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջում են Ադրբեջանի ազգային շահերը»,-ասել է նա տարեվերջյան մամուլի ասուլիսում:

Խոսելով երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին՝ պաշտոնյան կրկին հնչեցրել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, ինչպես նաև հայտարարել Է, որ Երևանը «պետք է կատարի TRIPP նախագծի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»:

Վերջերս Ադրբեջանից բենզինի խմբաքանակի ներկրման համատեքստում Բայրամովը հնարավոր է համարել երկրների միջև նոր առևտրային գործարքների իրականացումը:

«Խոսքը չի վերաբերում երկու երկրների միջև ռազմական արտադրանքի առևտրին, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Այդ գործընթացները կարող են տեղի ունենալ ըստ մեր ակնկալիքների», – ասել է նա։

Անդրադառնալով Գաբալայում նոյեմբերի վերջին տեղի ունեցած սահմանագծման հանձնաժողովների վերջին նիստին՝ Բայրամովը հայտարարել է, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ նաև Հայաստանում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանով տարանցմամբ Հայաստան է ժամանել 22 վագոնից բաղկացած երկաթուղային գնացքը՝ 1218 տոննա բենզինի ընդհանուր ծավալով: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ այդ մատակարարումը անկախության ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին ուղղակի առևտրային գործարքն էր:

Leave a Comment