Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել մոտ 30 խոճկորով, կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դ. Ա.-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Հ. Հ.-ի «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Կայքի տեղեկացմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Նշվում է, որ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել մոտ 30 խոճկորով, կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Աղբյուրը հայտնում է, որ կողաշրջման հետևանքով խոճկորները չեն սատկել։
Մի քանիսը դիմել էին «փախուստի», բարեբախտաբար քաղաքացիները վարորդի հետ կարողացել են բոլոր խոճկորներին հայտնաբերել։