ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ, հայտնում է նախարարությունը:
Մարզական լրագրողներն իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
Ըստ անվանակարգերի հաղթողներն են՝
Լավագույն 3 մարզիկներ՝ Վարզդատ Լալայան (ծանրամարտ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյան (հունահռոմեկան ընբշամարտ)
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)
Լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (հունահռոմեկան ընբշամարտ)
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն)
Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծարամարտ):
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը որոշվելու է առցանց քվեարկությամբ, որը կավարտվի այսօր՝ ժամը 17:00-ին:
Հանձնաժողովի անդամներն ու քվեարկությանը մասնակցած լրագրողներն անդրադարձել են մրցույթի անցկացման ձևաչափին, կատարել որոշակի դիտարկումներ և առաջարկություններ: Մասնավորապես՝ մրցութային հանձնաժողովի անդամ, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը կարևորել է այն հանգամանքը, որ արդեն երկրորդ տարին է՝ սահմանվել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» անվանակարգը՝ արժևորելու նաև այս մարզիկներին, որոնք նվաճումներ են ունենում տարբեր մարզաձևերում: Նրա գնահատմամբ՝ մրցույթը պատշաճ կազմակերպված է:
