«Հիշե՛ք, մենք ճակատը պինդ ժողովուրդ ենք. Իշխանությունը չի հաջողելու՝ պայքարում է մի կառույցի դեմ, որն իրենց խելքի բանը չէ». Աշոտ Ավագյան

Օրերս հայտնի դարձավ, որ «Սիսական» ջոկատի հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանին արդեն տեղափոխել են կալանավայր։ Նրա մարտական ընկեր, քանդակագործ Աշոտ Ավագյանի խոսքով՝ հայրենիքի համար պայքարած մարդկանց բանտարկելով, օրվա իշխանությունն ուզում է «վախեցնել մարդկանց աչքը», որպեսզի մարդիկ դադարեն պայքարել՝ տեսնելով, թե ինչպես են պայքարողներին բանտարկում։

«Այս իշխանությունների մեթոդն է՝ կալանավորելով մարդկանց՝ վախի տպավորություն են թողնում  հասարակության, մասնավորապես՝ ակտիվ մասսայի վրա։

Ամեն ինչ իր ժամանակն ունի, մի օր էլ այս հանցագործություններ իրականացնողին են ձերբակալելու տանեն, այդ մարդուն, ում հրամանով հիմա բոլորը բանտերում են, միայն թե դրա ժամանակը պիտի գա։

Հիշե՛ք, մենք ճակատը պինդ ժողովուրդ ենք, ու այս բոլոր դժվարություններից, ինչպես միշտ, դուրս ենք գալու։ Թող այս երկրում մեկ ոտնաչափ տեղ թողնեն, մենք զրոյից նորից կընդարձակենք, միայն թե սրանք չլինեն իշխանության»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ավագյանը։

Քանդակագործը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությանը չի հաջողվելու քանդել 1700-ամյա կառույցը՝ Հայ Առաքելական եկեղեցին։

«Եթե ոչ մարդիկ, ապա ժամանակն է այս իշխանությունների քայլերը կանխելու։ Սրանք Մայր Աթոռում զգացին, որ որևէ բան էլ չեն կարողանալու անեն, գնացել էին գրոհելու, չէ՞, հաջողեցի՞ն, իհարկե ոչ, մինչև վերջ էլ չեն հաջողելու։

Մեր գենետիկ կոդի մեջ է մտած 1700 տարվա Առաքելական եկեղեցին, իշխանությունը մի կառույցի դեմ է պայքարում, որն իրենց խելքի բանը չէ»,- հավելեց Աշոտ Ավագյանը։

Նրա խոսքով՝ այսօր ՀՀ իշխանությունը եկեղեցու ու առհասարակ Հայաստանի դեմ անում են այն քայլերը, որոնք անելու հրահանգը ստացել են իրենց «պատվիրատուներից»։ Բայց չեն կարողանալու ի կատար ածել, քանի որ այդ քայլերը չեն «տեղայնացրել»։

«Ճարտարապետության մեջ այսպիսի բան կա՝ «պրիվյասկա», օրինակ, եթե շենքը գծվել է Երևանի համար, բայց տեղափոխում են Սիսիան կառուցելու, որտեղ ռելիեֆը տարբեր է, չի ստացվելու այս շենքի կառուցումը։ Այսինքն՝ ինչ շենք գծագրում են տվյալ տարածքի համար, հենց այդ տարածքում էլ պետք է կառուցել, եթե տեղափոխեն այլ վայրում կառուցելու, արդյունքը շատ վատը կարող է լինել։ Դրա համար եմ ասում, այս իշխանություններին չի հաջողվելու իրենց պատվիրատուների պատվերն իրականացնել մեր Եկեղեցու դեմ»,- նշեց քանդակագործը։

Շարունակելով՝ Աշոտ Ավագյանը հիշեցրեց՝ այս իշխանությունը փորձեց Հայաստանում ինստիտուցիոնալ բաներ քանդել՝ սկսած բանակից, որը ձևավորվել ու ամրապնդվել էր 30 տարիների ընթացքում։

«Կրկնում եմ՝ սրանք եկեղեցին չեն կարող քանդել, որովհետև արմատները շատ խորն են մեր մեջ»,- ընդգծեց Աշոտ Ավագյանը։

Leave a Comment