26 դեկտեմբերի 2025 – 16:02 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը հաստատել է ժամանակավոր պաշտպանության (ԺՊ) կարգավիճակով տրամադրվող վկայականների ժամկետների երկարաձգումը, հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունըԼ
Ըստ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված 1934-Ն որոշման՝ ԺՊ կարգավիճակի գործողությունը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Դուք կարող եք շարունակել օգտագործել Ձեր ժամանակավոր պաշտպանության վկայականը, որի վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդը։ Այդ իսկ պատճառով համակարգը ավտոմատ տարբերակով երկարաձգում է քարտի ժամկետը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Եթե ԺՊ վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ԺՊ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։
Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։