26 դեկտեմբերի 2025 – 15:41 AMT
PanARMENIAN.Net – Հայ ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով կուսակցության որոշմանը, ասել է, որ պատրաստակամ է միասնաբար գնալ դեպի հաղթանակ և «այն պետք է լինի ոչ միայն ՀԱԿ-ի հաղթանակը, այլ ամբողջ ժողովրդի»:
Նա հայտարարել է, թե Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական փոթորկալից միջավայրում, որը սպառնալիքներ է ստեղծում մեր պետականության համար, և երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, հայտնում է Panorama.am-ը։
«Այս իշխանությունն իր գործողություններով ավելի է մեծացնում մեր մարտահրավերները և սպառնալիքները, որոնք կուտակվել են ժողովրդի գլխին։ Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում Հայաստանի կառավարման սխալ, տգետ ապաշնորհ, որոշ դեպքերում, ես կարող եմ համաձայնել, դավաճանական ընտրությունների պատճառով, Ադրբեջանի հետ ունեցել է արդեն 10 ռազմական բախում։ Դրանք տեղի են ունեցել այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է 2019թ. հայանպաստ պլանը, որն առաջադրվել է մեր լավագույն դաշնակիցների կողմից՝ խարխլելով նրանց դերը որպես միջնորդի և Ադրբեջանի ագրեսիան զսպողի, ինչի հետևանքով հայտնվել ենք այս կործանարար ընթացքի մեջ, կորցրել ենք Արցախը, 5000 թնակարժեք կյանք, Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող ինքնիշխան տարածքներ, բարձունքներ, գտնվում ենք նաև «զանգեզուրյան միջանցքի» կորստի գործընթացի մեջ»,–ասել է նա։
Նա ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է վատթարանալ, քանի որ Հայաստանը գտնվում է սողացող կապիտուլյացիայի փուլում, իսկ Ադրբեջանը՝ ամեն օր նոր պահանջներ ներկայացնելով, սպառնում է երկրի ինքնությանը։
Զուրաբյանը հայտարարել է. «Հայաստանը կանգնած է ադրբեջանիզացիայի սպառնալիքի առաջ»։
ՀԱԿ վարչապետի թեկնածուն իր ելույթում անդրադարձել է նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, ներդրումների նվազմանը, գործարարների նկատմամբ հարկային ճնշումներին, ոլորտային ձախողումներին՝ ընդգծելով, որ այս ամենը ցույց է տալիս իշխող վարչակազմի լիակատար անգործությունը։
ՀԱԿ վարչապետի թեկնածուն ներկայացրել է երկրի սոցիալ տնտեսական վատ վիճակը, բոլոր ոլորտներում արձանագրված ձախողումները, միջազգային ներդրումների կտրուկ նվազումը, գործարարներին հարկային ճնշումների դեպքերը։
Իր խոսքի վերջում Զուրաբյանը հայտարարե; է, որ 2026թ-ին ժողովուրդը պետք է վճռորոշ ընտրություն կատարի և ներկայացրել է ՀԱԿ-ի առավելությունները՝ նրան վերագրելով ՀՀՇ-ի կառավարման տարիներին արձանագրված ձեռբերումները՝ Հայաստանի անկախությունը, արցախյան առաջին պատերազմի հաղթանակը, Ադրբեջանի կողմից Արցախը որպես հակամարտության կողմ ճանաչելը, Հայաստանի միջազգային ճանաչումը։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։