Ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահասի մարմնի տարբեր մասերին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ ՀՏ-ն ընկերոջ՝ ՍԿ-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց  գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահաս ՌԳ-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

 Այնուհետև, դեպքից որոշ ժամանակ անց ՌԳ-ն ընկերոջ՝ ԱԹ-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել և նախապատրաստել են հաշվեհարդար տեսնել, այն է՝ սպանել ՀՏ-ին և ՍԿ-ին։

Մասնավորապես՝ նախաքննության շրջանակում հիմնավորվել է, որ ՌԳ-ն զրուցելու պատրվակով պետք է հանդիպեր ՀՏ-ին և ՍԿ-ին, իսկ ԱԹ-ն սպասեր նախապես ընտրված թաքստոցում, որից հետո վերջինս պետք է դուրս գար թաքստոցից և ՌԳ-ի հետ միասին նախապես վերցված հրազեններով սպանեին նրանց, ապա ընտրված երթուղով դիմեին փախուստի և թաքնվեին նախապես պլանավորած վայրում, սակայն հանցագործությունը կանխվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

        Բացի այդ, նախաքննության ընթացքում հիմնավորվել է նաև, որ ՌԳ-ն սույն թվականի սեպտեմբերին, մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել անչափահաս ԴՄ-ի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

ՌԳ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով (անչափահասի նկատմամբ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), ԱԹ-ի նկատմամբ՝ 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը)։ 

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

ՍԿ-ի, ՀՏ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը

ՍԿ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ ՀՏ-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment